Ի՞նչ որոշում ունեք օրավարձով աշխատողների մասով, մարդիկ սոված են․ Նաիրա Զոհրաբյանը դիմեց պարետին
Առաջնային հարվածի տակ գտնվող թիրախային խմբում են նաև չգրանցված, օրավարձով աշխատողները, նրանք խնդիրն ինչ-որ լուծում ստանալո՞ւ է, թե՝ չէ՞։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հարցերն ուղղելով ՀՀ փոխվարչապետ, հանրապետության պարետ Տիգրան Ավինյանին։
«Ստանում եմ տասնյակ ահազանգեր, որ բազմաթիվ գործատուներ հրաժարվում են իրենց աշխատակիցներին ապահովել տրանսպորտով։ Նրանց ինչ-որ բան բացատրվելո՞ւ է, որովհետև միջին աշխատավարձ ստացողը չի կարող տաքսիով գնալ աշխատանքի։Ուսանողները նամակ են հղել՝ վարչապետին խնդրում են ուսանողական վարձի 25%-ի չափով մասնակի փոխհատուցում իրականացնել, քանի որ իրենց ընտանիքները զրկվել են ակնկալվող եկամուտներից»,- իր ելույթում ասաց Զոհրաբյանը։
Պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարության ընդունած 9-րդ միջոցառումն, օրինակ, նախատեսում է երեխաներին օգնություն, ինչը վերաբերում է նաև չգրանցված աշխատողների երեխաներին ևս։
«Չգրանցված աշխատողների տվյալները հետագայում պետք է փոխանցվեն ՊԵԿ-ին։ Պետք է ունենանք օբյեկտիվ ինֆորմացիա՝ այս մարդկանց շրջանակը, քանակը, սոցիալ-տնտեսական վիճակը։ Պետք է ցանկ տրվի։ Չենք գնալու փակենք մարդկանց դրա համար, պարզ է»,- ասաց Ավինյանը։


