Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին փոդքաստում Ռոբերտ Քոչարյանը հպանցիկ ասաց, որ հանդիպել է ՌԴ նախագահի հետ, սակայն չմանրամասնեց։ Մեր տեղեկություններով՝ զրույցն ավելի շատ բողոքի և պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձ է եղել։
Քոչարյանը ներկայացրել է, թե ինչ «անհավանական հաջողությունների» կարող էր հասնել, եթե իրեն չխփեին սերժականները, ու չհայտնվեր Սամվել Կարապետյանը։ Ապա թվարկել է, թե իր կարծիքով ինչ սխալներ է թույլ տալիս նորաստեղծ «Ուժեղ Հայաստանը», որից ողջ ընդդիմությունն է տուժում, և ոչ մեկը չի հաղթելու, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը»։
Վերջում էլ խնդրել է Վիկտոր Սողոմոնյանին նշանակել ՌԴ Հայերի միության նախագահ, որպես հիմնավորում շեշտելով, որ Արա Աբրահամյանը խիստ բացասաբար է տրամադրված Կարապետյանի նկատմամբ, հետևաբար, ընտրություններին ոչ միայն չի աջակցի, այլև նույնիսկ կարող է խանգարել։ Վստահեցրել է, որ Սողոմոնյանի միջոցով կանի ամեն հնարավորը, որ «Ուժեղ Հայաստանը» հնարավորինս շատ ձայներ հավաքի։
Մեր տեղեկությունների համաձայն, ՌԴ նախագահը տեղում հանձնարարել է հատուկ ծառայություններին՝ սկսել Վիկտոր Սողոմոնյանի ստուգման գործընթացը, ակնարկելով, որ վերջնական որոշումը կախված է դրա արդյունքներից։ Ըստ նույն աղբյուրի՝ Արա Աբրահամյանն այլևս չի կարողանում գտնել որևէ մեկին, որն իր համար կմիջնորդի Պուտինի մոտ, և գրեթե համակերպվել է Հայերի միությունը կորցնելու մտքի հետ։ Սակայն, հաշվի առնելով, որ ՌԴ-ում նման գործընթացներն արագ չեն ընթանում, նա դեռ հույս ունի, որ մինչև ընտրություններն իրեն չեն դիպչի։ Իսկ եթե ընտրություններից հետո Փաշինյանը հաղթի, իրավիճակն այնքան կփոխվի, որ իր գոյության մասին կմոռանան և ավելի լուրջ հարցեր կլուծեն, օրինակ՝ հայ գործարարների ունեցվածքը խլելու, Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը դադարեցնելու հարցերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։


