երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հունիսի 7-ից կմեկնարկեն միասնական քննությունները. ինչ փոփոխություններ են կատարվել կարգում

Հունիսի 7-ից կմեկնարկեն միասնական քննությունները. ինչ փոփոխություններ են կատարվել կարգում

Այս տարի հունիսի 7-ից  մեկնարկող միասնական քննությունների  առաջին փուլով բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել կփորձի 13.573 դիմորդ՝ նախորդ տարվա համեմատ 453-ով ավելի:

Ըստ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի, դա պայմանավորված է նրանով, որ քննությունների թիվը սահմանվել է երկուսը. «Եթե անցյալ տարիներին կարողանում էին մեկ քննությունով եւ դպրոցից բերված երկրորդ առարկայի քննությունով ընդունվել բուհ, ապա այս տարվանից` նոր կարգի համաձայն, վերացվեց դա եւ բոլորի համար սահմանվեց երկու քննություն»:

Այսօր դիմորդների ամենանախընտրելի մասնագիտությունների շարքը գլխավորում է ԵՊԲՀ բուժական գործը, երկրորդում ԵՊՀ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա բաժինն է, երրորդում` ՀՊՏՀ կառավարումը, չորրորդում՝ ԵՊՀ իրավաիգտությունը, իսկ հինգերորդում՝ ՀՊՏՀ ֆինանսեր մասնագիտությունն է:

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ լրացուցիչ փուլում կարող էին հայտագրվել եւ քննություններին մասնակցել նաեւ այն դիմորդները, որոնք ինչ-ինչ պատճառներով առաջին փուլին չէին մասնակցել, հիմա այդ հնարավորությունը չի լինի: Պատճառը նոր կարգն է, որով դիմորդը բուհի ընդունելության համար նույն քննությունը կարող է հանձնել երկու անգամ` հունվարին եւ հունիսին ու ընտրել ավելի բարձր միավորը:

Նասիբյանի խոսքով, եթե թույլատրվում է հանձնել քննություն երկու անգամ, ապա  լրացուցիչ փուլը նրանց համար է, ովքեր դրսից են գալիս, բանակից են զորացրվել, ովքեր իրենց ատեստատում չունեն Հայոց լեզվի գնահատական եւ այլ դեպքերում, որոնք հստակ նշված են:

  • Կիսվել: