շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը

Արցախում մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը

Այսօր՝ հունիսի 7-ին, Արցախում մեկնարկել են միասնական քննությունները:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննությունները «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից, անցկացվում են Ստեփանակերտի համար 2 և համար 6 դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում:

ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի խոսքով՝ կենսաբանության քննությանը մասնակցում է 103 դիմորդ , իսկ աշխարհագրությանը՝ 8: Ընդհանուր հայտագրվել է 111 դիմորդ: Քննությունների տևողությունը 180 րոպե է:

«Տեխնիկական առումով պատրաստ ենք: Ուսումնական տարում հասցրել ենք լրացնել բաց թողնված ուսումնական նյութը: Դիմորդները պատրաստ են միասնական քննություններին, և համոզված եմ , որ բոլորն էլ հաջողությամբ կհանձնեն: Որևէ բողոք, խախտում կամ դժգոհություն չկար. Գործընթացը անցնում է հանգիստ և կազմակերպված»,-նշել է Ա. Հակոբյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննությունների արդյունքները հայտնի կլինեն 5 օր անց՝ հունիսի 12-ին: «Դիմորդները քննությունից հետո հնարավորություն ունեն պատճենահանելու ձևաթուղթը և մեկ ու կես ժամ հետո ԳԹԿ՝ atc.am կայքի միջոցով ստուգել պատասխաները»,- տեղեկացրել է Յու. Քարամյանը:

Հունիսի 10-ին անցկացվելու են քննություներ «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաներից:

  • Կիսվել: