կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
HRW. Ռուս զինվորականներն առևանգում և խոշտանգում են մարդկանց Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում

HRW. Ռուս զինվորականներն առևանգում և խոշտանգում են մարդկանց Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում

Human Rights Watch-ի իրավապաշտպանները զեկույց են հրապարակել Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում մարդկանց առևանգումների և խոշտանգումների մասին։

HRW-ի աշխատակիցները զրուցել են Խերսոնի, Մելիտոպոլի, Բերդյանսկի, Սկադովսկի և Խերսոնի և Զապորոժիեի մարզերի 10 այլ քաղաքներից և ավաններից 71 մարդու հետ: Նրանք նկարագրել են 42 դեպք, որոնցում ռուս զինվորականները առևանգել ու խոշտանգել են քաղաքացիական անձանց։ HRW-ն նաև փաստագրել է Խերսոնի պաշտպանական ուժերի զինվորականների խոշտանգումները։ Նրանցից երկուսը մահացել են։

Մարտի 27-ին ռուս զինվորականները առևանգել են Խերսոնի տարածքային պաշտպանության հրամանատար Վիտալի Լապչուկին, նրա տեղակալ Դենիս Միրոնովին և տարածքային պաշտպանության կամավոր «Օլեգին» (նրա իրական անունը չի հաղորդվում պաշտպանության նպատակով)։

Միրոնովը մահացել է գերության մեջ ծեծի ժամանակ ստացած վնասվածքներից։ Լապչուկի դին, ով, կնոջ խոսքով, նույնպես դաժան ծեծի է ենթարկվել գերության մեջ, մայիսի 22-ին հայտնաբերվել է գետում, ձեռքերը կապված են եղել, իսկ ոտքերին՝ ծանրություն։ «Օլեգը», որը նույնպես վիրավորվել էր կտտանքներից, ողջ է մնացել. նա տուն է վերադարձել գերիների փոխանակման շրջանակներում:

Իրավապաշտպանների զեկույցը նկարագրում է նաև լրագրողների, ակտիվիստների, ցուցարարների և տեղական պաշտոնյաների ձերբակալությունների պատմությունները։ Նրանցից մի քանիսի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ հարազատներին։

HRW-ն հիշեցնում է, որ անօրինական կալանավորումներն ու առևանգումները արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով և կարող են հավասարվել ռազմական հանցագործությունների հետ։

  • Կիսվել: