ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հռիփսիմե Գրիգորյանը և Արսեն Թորոսյանը հանդիպել են Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ

Հռիփսիմե Գրիգորյանը և Արսեն Թորոսյանը հանդիպել են Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ

«Հայաստանի Ազգային ժողովի և Շվեդիայի Ռիկստագի միջև համագործակցության խորացման հարցում առանցքային է բարեկամական խմբերի գործունեությունը: Այս առումով կարևորում եմ հատկապես վերջին տարիներին կայացած արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում հայ և շվեդ պատգամավորների համագործակցության ակտիվացումը». նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը հուլիսի 13-ին ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին` Հռիփսիմե Գրիգորյանը բարձր է գնահատել ծրագրի իրականացման հարցում Շվեդիայի օժանդակությունը, ինչպես նաև շարունակական աջակցությունը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին:

Հայ օրենսդիրները խոսել են տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջև սերտ համագործակցությունից:

Դեսպանը կարևորել է տարբեր ոլորտներում հայ-շվեդական կապերի ընդլայնումը, ընդգծել բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

 
 

  • Կիսվել: