երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հրաչյա Սարգսյանը՝ նկատողություն արեց վարչական շրջանի ղեկավարներին

Հրաչյա Սարգսյանը՝ նկատողություն արեց վարչական շրջանի ղեկավարներին

Վարչական շրջանի ղեկավարներ, ձեր կումունալ բաժինները նորից չեն աշխատում: Մի տաս օր է Երևանում չեմ եղել, բայց ահագին մեծ բան է. քանդում են, այդ ավազը լցնում են ու ասֆալտը 10-20 օր հետո են անում: Այս մասին այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Խոսքն ուղղելով Երևանի վարչական շրջանի ղեկավարներին նա ասաց․

«Դուք չե՞ք նայում, ֆեյսբուքներում չե՞ք նայում: Մի անգամ այդ կոմունալների մասին խոսել ենք՝ ձեր կոմունալ բաժինները չեն աշխատում, ժողովուրդ ջան: Մի անգամ, որ ոտքով շրջայց անեք, կտեսնեք՝ որտեղ է քանդած, քանի օր է դա այդպես մնացել ու ասֆալտ չեն անում: Ու լավ են անում օպերատորները, որ անում են, որովհետև մենք մեր տեղում չենք»,- շեշտեց Երևանի քաղաքապետը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն էլ արձագանքելով նշեց, որ հանձնարարականի առաջին մասը, որը վերաբերում էր պայմանագրի վերանայմանը՝ դրա անհրաժեշտությունը չկա.

«Մեր քաղաքացիաիրավական պայմանագրում ներառված են բոլոր տեխնիկական պահանջներն ու պայմաններն անխտիր և դա համարվում է պարտադիր կատարման ակտ՝ երկկողմանի ստորագրած, որի վերահսկողությունն անմիջապես վարչական շրջանի ղեկավարն է իրականացնում, որովհետև ինքն է ստորագրող կողմը: Ինչ մնում է հարցի մյուս կողմին՝ խստացվել է վարչարարությունը»,- ասաց Արեյանը: Ներկայացնելով վերջին 3 շաբաթվա վիճակագրությունը Կամո Արեյանն ասաց, որ այդ ընթացքում կազմվել է 30 վարչական ակտ, տուգանք՝ մատակարար կազմակերպությունների շինարարների մասով, որից ամենաշատը Արաբկիր վարչական շրջանում ՝ 8 արձանագրություն, Աջափնյակը՝ 4, Էրեբունին՝ 2, Կենտրոնը՝ 2, Նոր Նորքը՝ 3, Շենգավիթը՝ 1 և 10 ակտ:

«Սա դեռևս բավարար չէ, բայց որ ակտիվացել է վարչարարությունը՝ ակնհայտ է: Պայմանագիրը կա, մնում է ընդամենը ամենօրյա լուրջ վերահսկողություն և ամենօրյա տուգանք կոմունալ բաժինների կողմից: Ոչ ոք իրենց ձեռքը չի բռնել, իրենք պարտավոր են ամենօրյա վարչարարությամբ խստացնել պահանջները »,- շեշտեց Արեյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ շարունակելով Արեյանին  նշեց, որ այնպես չէ, որ տուգանքով ցանկանում են բյուջե լցնել կամ ուղղակի ուզում են տուգանել:

  • Կիսվել: