Հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության աջակցությանը․ ԵՄ դիտորդական առաքելություն
Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր հպարտությունն է արտահայտել՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը։ Այս մասին X-ի միկրոբլոգում համապատասխան գրառումն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը՝ կից հրապարակելով նաև իր գործունեությունը ներկայացնող տեսանյութ։
«Մենք հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության աջակցությանը՝ իրականացնելով Հայաստան-Ադրբեջան սահմանի չընդհատվող, շուրջօրյա հսկողություն»,-ասված է առաքելության գրառման մեջ։
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին՝ 2 տարի ժամկետով։ 2025 թվականի հունվարին ԵՄ խորհուրդը առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշում կայացրեց։ Առաքելությունը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ դիտորդական առաքելության նպատակն է նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։


