Հորս գերեզմшնն Արցախում է, ո՞նց եք արցախցուն հարցնում՝ Արցախը ճանաչո՞ւմ եք, թե ոչ. Արեգա Հովսեփյանը՝ Արայիկ Հարությունյանին
Հորս գերեզմանն Արցախում է, ո՞նց եք արցախցուն հարցնում՝ Արցախը ճանաչո՞ւմ եք, թե ոչ: Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանին:
«Արդյո՞ք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում, ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այն տեղը, որտեղ ծնվել եմ, այն ծննդավայրը, որտեղ մեծացել եմ, ամուսնացել եմ, որտեղ գտնվում են իմ ապուպապերի և հոր գերեզմանը: Ես ճանաչում եմ դա ու երբեք չեմ մոռանալու, ինչպես որ չեն մոռանալու 120,000-ը և շատ հայեր։
Ինձ մոտ միշտ հարց էր առաջանում, ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն, արցախահային, ի՞նչ նպատակով է նա դա հարցնում, ցավեցնելու՞, գիտեք, ձեր հարցերը վաղուց չեն կարողանում ցավեցնել, ես տեսել եմ Արցախի անկումը, ավելին, դրանից իմ դիմադրողականությունը ավելի է բարձրացել, ցավեցնում են հիշողությունները»,- նշել է Հովսեփյանը:
Ի պատասխան՝ Հարությունյանը նշել է, որ Արեգա Հովսեփյանի այդ հայտարարությունը տեղի կլիներ, եթե վերջինս Պրահայի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո մի շռնդալից հայտարարություն աներ և դուրս գար արտաքին գործերի նախարարությունից, որտեղ մնացել է մինչև 2023 թվականի օգոստոսը. «Ինչու՞ էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ ժամանակահատվածում ապրում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում»,- ասել է Հարությունյանը:
Արեգա Հովսեփյանը՝ անդրադառնալով վերոնիշյալ հանգամանքներին, հավելել է, որ արտաքին գործերի նախարարությունում եթե այսօր դեռ կան ազնիվ մարդիկ, ապա կարող են փաստել, որ աշխատանքից ազատման իր դիմումը գրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։
«Այդ ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական քաղաքական գերատեսչության կողմից, նաև իմ համոզմունքներով, որոշեցի սպասել ընտրություններին, որովհետև մտածում էի, որ 2021 թվականի ընտրություններից հետո դուք հեռանալու եք, սակայն 2021 թվականի ընտրությունները եղան, դուք մնացիք, իսկ դրանից հետո ես գնացի երեխայի խնամքի արձակուրդի, 2021 թվականից մինչև 2023 թվականը ես չեմ աշխատել արտաքին գործերի նախարարությունում, մեծացնում էի իմ բալիկին, մեծացնում էի Արցախի մասին հիշողություններով, իսկ դիմումս գրել եմ 2023 թվականին, իսկ թե ինչու եմ եղել Երևանում, ապա ճի՞շտ եմ հասկանում՝ ձեր հարցը այն էր, որ ես պետք է մնայի Արցախում և զոհվեի»:



