շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի կունենա եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպումը․ Կմասնակցեն նաև Հայաստանն ու Ադրբեջանը

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի կունենա եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպումը․ Կմասնակցեն նաև Հայաստանն ու Ադրբեջանը

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպումը, որի գաղափարը առաջ է քաշել  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022 թվականի մայիսին, կկայանա Պրահայում հոկտեմբերի 6-ին՝ հոկտեմբերի 6-7-ը նախատեսված ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ԵՄ պաշտոնյան։

«Այս հանդիպումը նախատեսված է միայն համայնք հրավիրված պետությունների առաջնորդների համար: Հիմնական նպատակն է լինելու անցկացնել քաղաքական քննարկում եվրոպական մայրցամաքի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ռազմավարական հարցերի շուրջ»,- ասել է զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հիմնական հարցերը կլինեն Ուկրաինայի իրադարձությունները, էներգետիկ ճգնաժամը և տնտեսական իրավիճակը։

Հանդիպմանը կհրավիրվեն ԵՄ անդամ 27 պետությունները, Արևմտյան Բալկանների վեց երկրները, ինչպես նաև Նորվեգիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը։

  • Կիսվել: