Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար բոլոր պայմաններն առկա են. Քոչարյան
Հոկտեմբերի 27-ի մասին իմ դժգոհությունը ոչ թե որևէ մի անձից է, այլ այն կառույցից, որը պետք է վերահսկեր բացահայտման ամբողջ գործընթացը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ես գիտեմ, որ մեր ձեռքում կան պարոն Ջհանգիրյանի իրականացրած քննչական խմբի բավականին լուրջ նյութեր, որը հիմք է հանդիսանալու հոկտեմբերի 27-ի բացահայտմանը: Ես գիտեմ, որ ներկայիս գործող խումբը շատ լավ ծանոթացել է այդ նյութերին, և ինչքան հասկանում եմ, չի կարող գոնե փորձագիտական շփումներ չունենալ պարոն Ջհանգիրյանի և քննչական խմբի մյուս անդամների հետ»։
Քոչարյանի խոսքով՝ արձանագրված է, որ հոկտեմբերի 27-ի բացահայտման համար բոլոր հիմքերը, բոլոր ճանապարհները կան, և դրանք շուտ թե ուշ իրենց արդյունքը տալու են։


