Հնարավոր է՝ տարբերանշաններ թողարկվեն սպասարկման ոլորտի օբյեկտների համար, որոնց աշխատակիցները կպատվաստվեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին անդրադարձավ Առողջապահության նախարարության նախաձեռնած պատվաստման շրջիկ կետերին՝ նշելով, որ մեծ ձեռնարկությունները կարող են պայմանավորվել և տեղում պատվաստումն իրականացնել:
«Մենք հիմա մտածում ենք նաև, որ պատվաստում իրականացրած սպասարկման ոլորտի համար թողարկենք պետական հատուկ տարբերանշաններ, որպեսզի մուտքերի մոտ փակցված լինի, և զբոսաշրջիկները վստահ լինեն, որ աշխատակազմի մեծ մասը պատվաստված է, և իրենք հանգիստ կարող են այդ օբյեկտի ծառայությունից օգտվել՝ առանց վարակվելու մտավախության»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն էլ առաջարկեց նմանատիպ պիտակ ու սահմանված նմուշի վկայականներ տրամադրել նաև պետական գերատեսչություններին, որովհետև սա նույնպես պետական գերատեսչությունների պատասխանատվությունն է, և միայն բիզնեսով չպետք է սահմանանափակվել: