Հնարավո՞ր է առաջիկայում Երևանի ու Կիևը համագործակցություն սկսեն անվտանգության ոլորտում
Նախորդ շաբաթներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղ գտած ուշագրավ զարգացումներից էր Ուկրաինայի հետ հարաբերությունների կտրուկ ջերմացումը։
Ավանդաբար երկու երկրների հատկապես քաղաքական, անվտանգային հարաբերությունները չեն փայլել, սակայն այժմ դիտորդները խոսում են նոր հնարավորությունների մասին, գրում է Ամերիկայի Ձայնը։
Նախորդ շաբաթներին Հայաստանի և Ուկրաինայի միջև կտրուկ ակտիվացած բարձր մակարդակով հանդիպումները և փոխգործակցության խորացման մասին հայտարարությունները ոչ միայն վկայում են, որ Կիևի ու Երևանի անկախությունից ի վեր երկկողմ հարաբերությունները հնարավոր է մուտք գործեն աննախադեպ մի փուլ, այլև կարևոր ցուցիչ են, թե որքան հետևողական է Հայաստանը՝ իր անվտանգային նոր քաղաքականության ձևավորման, Արևմուտքի հետ հարաբերությունները նոր մակարդակի տեղափոխելու ուղղությամբ։
Դիտորդները՝ Երևանում ու Կիևում, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում խոսում են այս մասին։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի ներկայացմամբ, Եվրամիության ու Ռուսաստանի միջև առաջացել է բավականին կարևոր երկիրների մի խումբ, տարածաշրջան, ուր առաջիկայում՝ Արևմուտքի աջակցությամբ, Կիևի ազդեցությունը միայն աճելու է, ուստի Երևանը չպետք է հետ մնա գործընթացից։
ց։
Հայաստան-Ուկրաինա հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունների առաջին լուրջ ցուցիչը դարձավ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այս սեպտեմբերի սկզբին կատարած անակնկալ այցը Կիև՝ մասնակցելու առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթաժողովին, որն անցկացվում էր Ուկրաինայի առաջին տիկնոջ Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ։
Ուշադրություն գրավեց նաև այն, որ Հակոբյանը իր հետ Երևանից Կիև տարավ Հայաստանի կառավարության տրամադրած առաջին մարդասիրական օգնությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։
Նույն ամսվա վերջին Դուբլինում՝ եվրոպական խորհրդարանական գագաթնաժողովի շրջանակում, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին՝ նույնպես, առաջին անգամ Կիևի դեմ Կրեմլի նախաձեռնած լայնածավալ ագրեսիայից ի վեր։
Մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հավաքին կայացավ արդեն Հայաստանի ու Ուկրաինայի ղեկավարների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Զելենսկու հանդիպումը։ «Քննարկել ենք երկկողմ համագործակցությունը»,- «Telegram»-յան իր ալիքում գրեց Զելենսկին։
Թե ինչ բովանդակություն կարող է ունենալ այդ համագործակցությունը, փոքր-ինչ ավելի հայտնի դարձավ հոկտեմբերի վերջին Մալթայում՝ Կիևի նախաձեռնած շուրջ վեց տասնյակ պետությունների անվտանգությունների խորհուրդների ներկայացուցիչների հանդիպման շրջանակում կայացած Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպման ժամանակ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։