ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հիմա մենք գիտենք՝ ինչ անել, որ վարակը 90 տոկոսով արտադրական տարածք չմտնի․ Նիկոլ Փաշինյան

Հիմա մենք գիտենք՝ ինչ անել, որ վարակը 90 տոկոսով արտադրական տարածք չմտնի․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանում կորոնավիրուսի մեծ թիվը երեք ճյուղի հետևանք է, որից երկուսը արտադրական ձեռնարկություններում, և եթե այդ ձեռնարկությունները չլինեին, այսօր վարակն այսքան տարածված չէր լինի, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվում էր ինչպես է լինելու Վանաձորի տեքստիլի գործարանի ճակատագիրը, քանի որ այն երկար ժամանակ չի կարող աշխատել։ Վարչապետը հստակեցրեց, որ հաջողված ձեռնարկությունների փորձը ցանկանում են տարածել մյուս գործարանների վրա, որպեսզի մշտական ախտահանումներ իրականացվեն։

«Պարետատան ու ԱՆ-ի առաջ խնդիր եմ դրել, որ հաջողված փորձը փոխանցենք այն ընկերություններին, որտեղ վարակ է գրանցվել։ Հիմա մենք գիտենք ինչ է պետք անել՝ 90 տոկոսով երաշխավորելու, որ վարակը արտադրական տարածք չմտնի։ Այդ ընկերությունները պետք է երաշխավորված լինեն, որ վարակը չի մտնի արտադրական տարածք», -հայտարարեց Վարչապետը։

Խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության մասին, Փաշինյանն ասաց, որ դա այն է, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ։

«Մենք չենք կարող ապրել կարանտինի մեջ, փակել ամեն ինչ։ Բայց այս կարանտինի ժամանակաշրջանը անհատակն ու խմբային մակարդակով պետք է ձեռք բերենք հմտություններ ապրել կորոնավիրուսին զուգահեռ», հավելեց Փաշինյանը։

  • Կիսվել: