շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հիմա բոլորը գտել են հարմար դավաճան, որի վրա կարող են բարդել բոլոր մեղքերը․ Հրանտ Խաչատրյան

Հիմա բոլորը գտել են հարմար դավաճան, որի վրա կարող են բարդել բոլոր մեղքերը․ Հրանտ Խաչատրյան

Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը խորհրդարանում լսումների ժամանակ իր ելույթում անդրադարձավ մի քանի խնդրի և 2 առաջարկ ներկայացրեց:

«Մենք եկել ենք քննարկելու փաստաթուղթ, որը ԱԺ խմբակցության կողմից է առաջադրված և առ ոչինչ է: Ոչնչով չի տարբերվում գործադիր իշխանության ղեկավարի ստորագրած փաստաթղթից: Ինչո՞ւ. որովհետև այստեղ չի գրված, որ ԱԺ-ն՝ հանձին հայ ժողովրդի, մերժում է միջազգային իրավունքի նորմերին հակասող այդ փաստաթղթի բովանդակությունը»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ փողոցի ելույթները ոչնչով չեն տարբերվում ԱԺ ամբիոնից հնչող ելույթներից: 

«Ասում եք՝ նոր ղեկավար, նոր արդյունքներ՝ հայանպաստ արդյունքներ: Քանի անգամ ենք լսել այս ամբիոնից հայանպաստ արդյունքներ, ո՞վ է ասել այստեղից, ո՞րն է հայանպաստը»,- հարց ուղղեց ընդդիմադիրներին Խաչատրյանը:   

Նախկին պատգամավորը նշեց, որ հիմա «բոլորը գտել են հարմար դավաճան, որի վրա կարող են բարդել բոլոր մեղքերը»: «Ասում են՝ խաբել է մեզ. խաբողը սրիկա է, խաբվողը՝ հիմար, մենք պետք է ընտրենք, թե այդ երկուսից որ դասակարգման մեջ ենք: Ինձ ոչ ոք չի խաբել»,- ասաց նա: 

«Երկու առաջարկ ունեմ: Իշխանության եկող որևէ ուժ չի կարող ընդունել նույնպիսի մի խայտառակ փաստաթուղթ, որի բեռի տակ 100 տարի ճռռում ենք ամբողջ ազգով: Խոսքը Մոսկվայի պայմանագրի, Կարսի պայմանագրի մասին է և դրա շարունակության: ԱԺ-ն առաջին հերթին պետք է մերժի այդ փաստաթղթի բովանդակությունը: Երկրորդ՝ խոսում ենք Արցախի կարգավիճակի մասին: 30 տարի առաջ դավադրություն է տեղի ունեցել հայ ժողովրդի ազգային շահերի նկատմամբ: 30 տարի առաջ Հայաստանին վերամիավորված Արցախն անջատվել ու անկախացել է Հայաստանից: Կարճ կասեմ՝ դա մի բան է նշանակում. Հայաստանի իշխանությունները միջազգային իրավունքի վերմակը քաշել են իրենց վրա և Արցախին դուրս թողել»,- նշեց Խաչատրյանը:

Պատերազմը դավադիր էր՝ նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀ ԱԺ-ն պարտավոր է քննարկել և որոշել Արցախի կարգավիճակը ինքնուրույն՝ առանց որևէ մեկին խնդրելու կամ դիմելու:

  • Կիսվել: