ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժերը տեկտոնական են․ ԱԻՆ պաշտոնյա
Լուրերը, թե վերջին շրջանում Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերը բիոլոգիական զենքերի կիրառման արդյունքում են տեղի ունենում, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը։
Մարգարյանը շեշտեց, տեղի ունեցած երկրաշարժերը տեկտոնական են։ Սա պայմանավորված է Հայաստանի սեյսմոակտիվ գոտում գտնվելով:
«Տվյալ դեպքում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որը միջին ուժգնության է: Այն հարում է երևանյան խզվածքին: Վստահեցնում եմ, որ խոսք անգամ չի կարող լինել բիոլոգիական կամ այլ զենքի մասին, քանի որ դա մեզ հայտնի օջախներից է: Այն արտացոլվում է նաև սեյսմակայուն շինարարության նորմերի քարտեզում որպես վտանգի գոտի: Փարաքարի 1937 թվականի երկրաշարժը նույնպես հարում էր այդ խզվածքին: Այն, ինչ տեղի է ունեցել, լրիվ բնական երևույթ է»,- նշեց սեյսմոլոգը: