կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի հատուկ ներկայացուցիչն էի, և տարօրինակ կլիներ, որ չշփվեի թուրքերի հետ այդ գործընթացում. Ռուբինյան

ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի հատուկ ներկայացուցիչն էի, և տարօրինակ կլիներ, որ չշփվեի թուրքերի հետ այդ գործընթացում. Ռուբինյան

Ազգային ժողովի նիստի ժամանակ հարցուպատասխան է տեղի ունեցել պատգամավոր Գառնիկ Դավթյանի և ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի միջև:

Կողմերը քննարկել են Ռուբինյանի՝ Թուրքիայում գտնվելու տարիներին ազգությամբ թուրքերի հետ ունեցած շփումները:

Մասնավորապես՝ Գառնիկ Դավթյանը հարցրել է, թե արդյոք Ռուբինյանը Թուրքիայում «ֆելոշիփի» (հետազոտական ծրագրի) ընթացքում շփվե՞լ է թուրքերի հետ:

Ռուբինյանը նախ հստակեցրել է, որ Թուրքիայում չի սովորել, այլ հինգ ամիս հետազոտություն է իրականացրել Հրանտ Դինքի հիմնադրամի ծրագրով։

Անդրադառնալով բուն հարցին՝ Ռուբինյանը նշել է, որ թուրքերի հետ շփվել է դեռևս 2010-2011 թվականներին Լոնդոնում և Լեհաստանում սովորելու տարիներին, որտեղ եղել են Թուրքիայից ժամանած համակուրսեցիներ:

Ռուբինյանը շեշտադրել է իր վերջին շրջանի գործունեությունը. «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի հատուկ ներկայացուցիչն էի, և համաձայնեք՝ տարօրինակ կլիներ, որ չշփվեի թուրքերի հետ այդ գործընթացում»։

Գառնիկ Դավթյանն արձագանքել է, որ իրեն չեն հետաքրքրում Լոնդոնի կամ Լեհաստանի տարիները կամ հատուկ ներկայացուցչի կարգավիճակը: Պատգամավորը պահանջել է հստակ պատասխան հենց հետազոտական ծրագրի ժամանակահատվածի վերաբերյալ՝ նշելով, որ իր հարցի այդ մասը մնացել է չպարզաբանված։

  • Կիսվել: