կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ տնտեսության արագ աճը, քաղաքացիների բարեկեցության բարելավումը մեծապես պայմանավորված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական փոխգործակցությամբ, և երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ. Զախարովա

ՀՀ տնտեսության արագ աճը, քաղաքացիների բարեկեցության բարելավումը մեծապես պայմանավորված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական փոխգործակցությամբ, և երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ. Զախարովա

Հայաստանի տնտեսության արագ աճը վերջին տարիներին՝ 12,6 տոկոս 2022 թվականին, և քաղաքացիների բարեկեցության բարելավումը մեծապես պայմանավորված են Ռուսաստանի հետ առևտրատնտեսական փոխգործակցությամբ, խոշոր համատեղ նախագծերի իրականացմամբ և երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

՛՛Ավելին, Հայաստանն է Միությանը մասնակցության հիմնական շահառուն։ Կրկին թվեր կան։ 2022 թվականին դեպի անդամ երկրներ Հայաստանի արտահանման ծավալն ավելացել է 1,6 միլիարդ դոլարով, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։

Ռուսաստանը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողն է, որը ներկայացնում է օտարերկրյա ներարկումների գրեթե կեսը։ Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 4,5 հազար ընկերություններ, որոնք խոշոր հարկատուներից և գործատուներից են։

90-ականներից ռուսական ռազմական ներկայությունը և մեր սահմանապահների ներկայությունը պահանջված են՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված ծանր իրավիճակը և Երևանի հարևանների հետ չկարգավորված հարաբերությունները։

102-րդ ռուսական բազան պարբերաբար ուսումնավարժական միջոցառումներ է անցկացնում՝ բարելավելու մարտական ​​պատրաստվածությունը և հայ գործընկերների հետ փոխհամաձայնությունը։

Մեր սահմանապահները հակազդում են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձերին, դադարեցնում են մաքսանենգությունը հայ-իրանական սահմանին, իսկ 2020 թվականի դեկտեմբերից հսկում են նաև հայ-ադրբեջանական սահմանները։ Ձեռնարկված բոլոր միջոցառումներն իրականացվում են հայկական կողմի հետ համատեղ՝ հարգելով հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՛՛,-նշել է նա:

Զախարովան հավելեց. ՛՛Ինչ վերաբերում է Ղարաբաղում ռուս խաղաղապահներին, եթե նրանք չլինեին, ապա 2020 թվականի աշնանից իրավիճակը տարածաշրջանում կարող էր զարգանալ Երևանի համար շատ ավելի դրամատիկ սցենարով, հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը հրապարակավ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեց՛՛։

Նա անդրադարձավ նաև երեկ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որտեղ նա անդրադարձել էր ՀԱՊԿ-ին: Այս առնչությամբ Զախարովան ասաց. ՛՛Հիմա ՀԱՊԿ-ի նկատմամբ Երեւանի դժոգհությունների մասին։ Այս կազմակերպության արդյունավետությունը համոզիչ կերպով դրսևորվեց 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ կազմակերպության դիտորդական առաքելությունը տեղակայել հանրապետության տարածքում, ապա շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել։ Սակայն փոխարենը Հայաստանի ղեկավարությունը որոշեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որը մոնիտորինգի քողի տակ հետախուզություն է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ և հաշվետու է բացառապես Բրյուսելին։

Դրա արդյունավետության մասին կարելի է դատել կոնկրետ դրական արդյունքների բացակայությամբ: Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում արեւմտյան միջնորդության վրա Երեւանի ապավինության մոլորությունն և փորձը՝ հետաձգել ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականից մինչև 2022 թվականը, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում՛՛:

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել The Wall Street Journal-ին, որտեղ ասել էր. ՛՛Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների ժամանակ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործողությունները չեն կատարվել՛՛:

  • Կիսվել: