շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ՝ ինքնիշխանության սկզբունքների հարգման շրջանակում․ վարչապետ

ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ՝ ինքնիշխանության սկզբունքների հարգման շրջանակում․ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Երևանը շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ 

Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։

Վարչապետը, ներկայացնելով այս հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, նշեց, որ դա ներառված է Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ 

«Մեր դիրքորոշումն, ընդհանրապես, այն է, որ Հայաստանը շահագրգռված է և ուզում է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացվեն՝ ներառյալ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։ Այսինքն՝ մենք այստեղ ցուցաբերում ենք շարունակական հետաքրքրվածություն և պատրաստակամություն։ Մեր բոլոր քննարկումների մեջ շատ հստակ է՝ մենք բոլոր այդ գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք և կպատկերացնենք Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում։ Սա շատ կարևոր է արձանագրել, որովհետև հետագա ցանկացած քննարկում տեղի է ունեցել և տեղի է ունենալու հենց այս համատեքստում։ Մենք երբեք չենք ունեցել որևէ քննարկում, որ կտրված կլինի նշված սկզբունքների օրակարգից կամ կհակասի այդ օրակարգին»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։   

 

  • Կիսվել: