շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՀՀ ԿԸՀ նախագահն ու արտաքին կապերի վարչության պետը մասնակցել են «Փողը քաղաքականության մեջ» թեմայով համաժողովին

ՀՀ ԿԸՀ նախագահն ու արտաքին կապերի վարչության պետը մասնակցել են «Փողը քաղաքականության մեջ» թեմայով համաժողովին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) հուլիսի 8-9-ը մասնակցել են «Փողը քաղաքականության մեջ» թեմայով ամենամյա համաժողովին։  Այս տարի «Փող, անվտանգություն և ժողովրդավարություն. ընտրական կայունության պաշտպանություն թվային դարաշրջանում» խորագիրը կրող համաժողովը կազմակերպել էր Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Եվրոպայի խորհրդի, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), Վեստմինստերյան ժողովրդավարության հիմնադրամի և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ:

Միջոցառումը միավորել էր Արևելյան Եվրոպայի երկրների ընտրական վարչարարության մարմինների և այլ պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվել են նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը, ընտրությունների նկատմամբ արտաքին միջամտությանը և քաղաքական ֆինանսավորման նպատակով կրիպտոարժույթների օգտագործմանը։

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի և Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Անժելիկա Կարամանի միջև։ Հանդիպումը կարևոր հնարավորություն է ընձեռել երկու ընտրական մարմինների միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և քարոզարշավի ֆինանսավորման կանոնների նկատմամբ վերահսկողության լավագույն փորձի փոխանակման համար։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ իրականացնելով համատեղ նախագծեր, որոնք կնպաստեն երկու երկրներում ընտրական գործընթացների ամբողջականության բարելավմանը:

 

 

  • Կիսվել: