երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու «հավաքական Արևմուտքի» հերթական փորձ. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու «հավաքական Արևմուտքի» հերթական փորձ. ՌԴ ԱԳՆ

2024թ.ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն ձևաչափով բարձր մակարդակի հանդիպումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու ՛՛հավաքական Արևմուտքի՛՛ հերթական փորձ։ Այս մասկն ասված է Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

՛՛Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը, տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ սեպ խրելու ձգտումը կարող են ամենաբացասական հետեւանքներն ունենալ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, հրահրել նոր բաժանարար գծերի առաջացում, ինչպես նաեւ լարվածության անվերահսկելի աճ:

Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը դարձնել Հարավային Կովկասում իր խիստ վտանգավոր մտահղացումների իրականացման գործիք։ Մեզ հայտնի է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը, վաղանցիկ խոստումների ներքո, ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերմանը։

Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ Արևմուտքին խաբել իրեն և երկիրը տանել սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով:

Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն համեմատվում բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից։ Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճ (2018 թվականից ի վեր քառապատկվել է) և, որպես հետևանք, տնտեսության ռեկորդային աճ և բնակչության բարեկեցության բարձրացում:

Վերահաստատում ենք Հայաստանի հետ հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու տրամադրվածությունը՝ երկկողմ հիմնարար փաստաթղթերում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների գծով պայմանավորվածություններում ամրագրված սկզբունքների հիման վրա։

Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Արևմուտքը չի հրաժարվում նաև հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար հիմքը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ հայտարարությունների համալիրը քանդելու փորձերից, որը նախատեսում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդման միջոցառումներ։

Հենց Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշման ներքո պաշտոնական Երևանը կասեցրեց այդ պայմանավորվածությունների իրականացումը, որոնցից շատերի, մասնավորապես՝ տրանսպորտային փոխադարձ շրջափակման վերացման հարցի շուրջ, կողմերը մոտ էին փոխընդունելի որոշումներին։ Մոսկվան նախկինի պես պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության ձեռքբերմանը։

Հարավային Կովկասում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն ՛՛տարածաշրջանային պատասխանատվության՛՛ սկզբունքի համաձայն, որը համաձայնեցված է 2023 թ. հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած ՛՛3+3՛՛ խորհրդատվական հարթակի երկրորդ նիստի ընթացքում, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։

Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին՝ իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները՛՛,-ասված է հայտարարության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: