հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱԺ մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի կոմիտեի համատեղ նիստին քննարկվել են ԵԱՏՄ զարգացման հեռանկարները

ԱԺ մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի կոմիտեի համատեղ նիստին քննարկվել են ԵԱՏՄ զարգացման հեռանկարները

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը:

Այս տարին մեզ համար նշանակալից է, քանի որ նշում ենք ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի 25-ամյակը: Այս իրադարձությունները նշանավորեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ներկա փուլի սկիզբը, որոնք համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին: Այս մասին նոյեմբերի 10-ին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:

Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ այսօրվա հանդիպմանը կքննարկվեն խորհրդարանական համագործակցության շրջանակում ԵԱՏՄ զարգացման հեռանկարներն ու առաջնահերթությունները ներկա գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում, ինչպես նաև երկու երկրները կապող միակ ցամաքային անցակետի՝ Վերին Լարսի հետ կապված հարցեր: Նշելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում անցակետի հետ կապված կրկին առաջացել են խնդիրներ՝ Վաղարշակ Հակոբյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կկարողանան հստակ, մանրամասն և համահունչ ներկայացնել առաջադրված խնդիրները, գտնել ռացիոնալ լուծումներ ու նախանշել արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ: Բանախոսն անդրադարձել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրներին: Մասնավորապես, ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքները:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ համագործակցության դրական փորձ: Երկու երկրների միջև դաշնակցային և գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրական սերտ կապերի և փոխադարձ աջակցության վրա: Նա ևս համոզմունք է հայտնել, որ առաջացած խնդիրներին համատեղ քննարկման արդյունքում կտրվեն համապատասխան լուծումներ:

Համատեղ նիստի ավարտից հետո Վաղարշակ Հակոբյանը և Կազբեկ Տայսաևը հանդես են եկել հայտարարություններով՝ լրագրողներին ներկայացնելով նիստի ընթացքում քննարկված հարցերը:

  • Կիսվել: