ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է «Ընտրությունների ժամանակաշրջանում վստահելի տեղեկատվության իրավունքը» խորագրով փակ քննարկմանը
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի (Forum on Information and Democracy) հետ գործակցությամբ տեղի է ունեցել «Ընտրությունների ժամանակաշրջանում վստահելի տեղեկատվության իրավունքը» խորագրով փակ ձևաչափով քննարկում։
Քննարկումը վարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
Միջոցառմանը մասնակցել են ոլորտային մասնագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ և ոլորտային փորձագետներ, ովքեր մտքեր են փոխանակել ընտրական գործընթացների ընթացքում վստահելի տեղեկատվության իրավունքի պաշտպանության և ժողովրդավարական համակարգերի դիմակայունության ամրապնդման շուրջ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության աճող տեմպերին, մարտահրավերներին, մասնավորապես՝ ժողովրդավարական գործընթացների և ընտրությունների վրա դրանց ազդեցությանը։
Ընդգծվել է թափանցիկության, ինստիտուցիոնալ կայունության և միջազգային համագործակցության կարևորությունը՝ տեղեկատվական սպառնալիքներին արդյունավետ հակազդելու և հանրային վստահության ամրապնդման գործում:


