հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հորդորում եմ Ադրբեջանի մեր գործընկերներին՝ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել. Ջո Ուիլսոն

Հորդորում եմ Ադրբեջանի մեր գործընկերներին՝ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել. Ջո Ուիլսոն

Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը  հորդորում է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել, իսկ Թուրքիային՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: 

 Ջո Ուիլսոնն այս մասին ասաց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության կազմում Հայաստան այցի շրջանակում հրավիրված ասուլիսում: 

Նա նկատեց՝ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, Ադրբեջանն օգտվում է իր նավթային և գազային ռեսուրսներից: ԱՄՆ պատվիրակությունը Հայաստանում է, որովհետև գիտակցում է այն առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է որպես ժողովրդավարական պետություն: Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է:

«Ես հորդորում եմ Ադրբեջանի մեր գործընկերներին խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել: Դա շահեկան կլինի բոլորի համար: Եվ մենք ուզում ենք նաև հորդորել, որ Թուրքիան ևս հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկի»,–ասաց Ուիլսոնը:

Նա հավելեց, որ պատրաստ են աջակցել Հայաստանին՝ տնտեսական, մարդասիրական աջակցության հարցերով, օգնել, որ ձևավորվի ամուր, ժողովրդավարական և բարեկեցիկ հասարակություն կայուն, ապահով տարածաշրջանում:

  • Կիսվել: