հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Հեղափոխությունից 7 տարի անց մենք դարձել ենք կոնֆորմիստ. Նիկոլ Փաշինյան

Հեղափոխությունից 7 տարի անց մենք դարձել ենք կոնֆորմիստ. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին:

Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցի հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը և հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում և հաշվառումն ամբողջությամբ թվայնացնել, այդ թվում նախատեսելով անձի ցանկությամբ թվային հաշվառման վկայագիր ունենալու, հաշվառման համարանիշերը չփոխարինելու, իսկ դրանց փոխարինելու դեպքում փոստային առաքմամբ դրանք ստանալու հնարավորություններ։

Նշված կարգավորումների արդյունքում անձն իր կամահայտնությամբ կարող է ամբողջովին ազատվել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներ այցելելու անհրաժեշտությունից։

«Պայմանական, ես ունեմ տրանսպորտային միջոց, որն ուզում եմ առուվաճառքի առարկա դարձնել: Վաճառողը հարթակով ընտրում է այն տրանսպորտային միջոցը, որը պետք է վաճառի: Ըստ այդմ՝ կազմում է ինքնաշխատ եղանակով առուվաճառքի պայմանագրի նախագիծ: Նախագծում վաճառողից ընդամենը պահանջվում է ֆիքսել, թե տրանսպորտային միջոցն ինչ գնով է վաճառվում: Ըստ այդմ՝ համակարգն ինքնաշխատ եղանակով ստուգում է՝ արդյոք տվյալ տրանսպորտային միջոցն ունի՞ հետախուզումներ, թե՞ չունի հետախուզումներ, արդյոք ունի՞ համասեփականատերեր գրանցված, թե՞ չունի, եթե կա համասեփականատեր, բնականաբար, վաճառողը պետք է նաև կցի նրանց տված համաձայնությունը՝ առուվաճառքը ձևակերպելու: Ըստ այդմ՝ ինքնաշխատ եղանակով գեներացվում է պայմանագիր, որը էլեկտրոնային ստորագրությամբ քաղաքացին հնարավորություն ունի ստորագրելու և թողնելու համակարգում: Երբ որ պայմանագիրը գեներացվում է, համակարգն ավտոմատ կերպով առաջարկն ուղարկում է գնորդին: Գնորդը ևս, եթե համաձայն է առաջարկին, ստորագրում է պայմանագիրը, և առուվաճառքի տրամաբանությամբ գործարքը համարվում է կնքված, և մենք կարողանում ենք հարթակի միջոցով ավտոմատ կերպով սեփականության իրավունքի փոփոխությունը ևս իրականացնել»,- ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նա նշեց, որ թվային լուծումներն արդեն իսկ գրեթե պատրաստ վիճակում են: «Առաջարկում ենք այս կարգավորումները ուժի մեջ դնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: Դրանից հետո մեր քաղաքացիները կկարողանան այս պրոցեսներն իրականացնել բացառապես թվային եղանակով, թվային հարթակում՝ չայցելելով հաշվառման քննական ստորաբաժանումներ: Հարթակը թույլ է տալիս անգամ ոչ աշխատանքային օրերի և ժամերի իրականացնել գործարքը, և ինքնաշխատ եղանակով բոլոր պրոցեսները կապահովվեն»,- ասաց նախարարը:

Արփինե Սարգսյանը նշեց երկրորդ բաղադրիչը, որը նույն տրամաբանությամբ առաջարկվում է իրականացնել: «Այս պահի դրությամբ ՆԳՆ-ը ծառայում է նաև որպես կադաստր լիզինգից բխող պարտավորությունների գրանցման և նաև մեքենայի գրավադրման դեպքում գրավի իրավունքի գրանցման համար: Այս դեպքում, եթե, պայմանական, վարկով տրանսպորտային միջոց է անձը ձեռք բերում, ֆինանսական կազմակերպությունը, բնականաբար, գրավի իրավունքը պետք է գրանցի մեզ մոտ: Սա ևս ենթադրում է այցելություն հաշվառման քննական ստորաբաժանում, գրանցում, և, որպես կանոն, ֆինանսական կազմակերպությունները ֆիզիկական անձին տալիս են լիազորագիր, որպեսզի նա այցելի և իր շահերից բխող գործարքը գրանցի հաշվառման քննական ստորաբաժանումում: Հարթակում սա լինելու է ինքնաշխատ եղանակով: Պայմանագրի հիման վրա ընդամենը հայտ ենք ստանում ֆինանսական կազմակերպությունից, որպեսզի կարողանանք գրավի իրավունքը ձևակերպել մեր կադաստրում: Նույնը նաև լիզինգի մասին է:»,- ասաց ՆԳ նախարարը:

«Գնալ, փորձել, աշխատել և բերել փոփոխությունները: Հեղափոխությունը հեշտ է, փոփոխությունն է դժվար»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչքանո՞վ է այս համակարգը աշխատում, կարող ենք գնալ Էրեբունու ավտոշուկայում տեսնել. եթե այնտեղ քչացել է, նշանակում է՝ օնլայն վաճառքների ծավալը մեծացել է: Գիտե՞ք՝ ինչ կարող է տեղի ունենալ. Էրեբունու այդ հատվածում սմարթֆոններով սկսեն առուվաճառք անել. ամեն ինչ կշարունակի այնտեղ մնալ, ուղղակի հաշվառման քննական կենտրոն չգնան: Այդ պրոցեսներին էլ է պետք հետևել. գուցե իրավիճակի հետ պետք է համակերպվել. այնտեղ գնալ, ավելի լավ պայմաններ ստեղծել: Գուցե ուրիշ ճանապարհ կառուցենք, որ մենք չխանգարենք ավտոշուկայի աշխատանքին և նորոգենք, կարգի բերենք: Դա էլ է տարբերակ, որովհետև, եթե իրենք էնտեղ են, ինչո՞ւ ենք կռիվ տալիս. եթե մարդկանց այդտեղ է հարմար, գնանք մյուս ստանդարտները փորձենք ներդնել և ոչ թե ասենք՝ չէ որ չէ, այստեղ պետք է մեքենա չվաճառեք»,- նշեց Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է ավտոշուկային, վախենամ, որ այդ ավտոշուկայի առևտրային շրջանառության 90 տոկոսը հոգնած մետաղ է, որը մեր կոնսենսուսի պատճառն է, որովհետև եթե մենք մեր տեխզննման կանոնները սահմանենք եվրոպական ստանդարտներով, իմ կարծիքով, այդ ավտոշուկայում առևտրի առարկա չի լինի: Կարծում եմ, որ խստացման մեխանիզմները տեխնիկական կանոնների, ոնց որ, անխուսափելի են դառնում արդեն»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ավտոշուկայում «դալալների» առկայությանը: «Հիմա, երբ որ մենք գնանք մեր ավտոմեքենաների տրանսֆերի ուսումնասիրություն անենք, կարող է պարզվի, որ մի հսկայական տոկոս ունենք ավտոմեքենաների նվիրատվությունների և այլնի, որովհետև դիլերը պետք է աշխատի հարկային դաշտում, պետք է վճարի ԱԱՀ և այլն: Այդ տեղը ինչո՞ւ է այդքան գրավիչ. որովհետև այնտեղ ԱԱՀ, շրջանառության հարկ և ընդհանրապես հարկ չկա կամ հիմնականում չկա: Այստեղ եկանք, հասանք՝ իսկ ո՞ւր է նայում ՊԵԿ-ը, ոստիկանությունը, ո՞ւր է նայում Երևանի քաղաքապետարանը, իսկ ո՞ւր են նայում տեսչական մարմինները. տեսա՞ք՝ ուր հասանք: Ես այդ մտադրությունը բացարձակապես չունեի, բայց պրոբլեմն այդտեղ է. իսկ ո՞ւր է նայում ՍԱՏՄ-ն, որ այդ պայմաններում չի կարելի սնունդ վաճառել. մենք բոլորս ո՞ւր ենք նայում: Հիմա խցանում է Էրեբունի փողոցում, գործողություն անենք՝ փակվելու է Էրեբունի փողոցը: Այ սենց են անում, որ հեղափոխականից դառնում են կոնֆորմիստ:

Եկեք արձանագրենք, որ հեղափոխությունից 7 տարի անց մենք դարձել ենք կոնֆորմիստ, և ես սրա հետ պրոբլեմ ունեմ, և հույս ունեմ՝ բոլորդ էլ պրոբլեմ ունենք: Այստեղ է մեր կոնֆորմիզմը: Զուգահեռ, անարդար էլ չլինեմ մեր նկատմամբ՝ մենք որոշումներ էլ ենք կայացրել. ամեն ինչ միանգամից չենք կարող փոխել: Սրանք մտքեր են, ես ուզում եմ՝ այս մտքերը հնչեն, կիսվենք էս մտքերով, որ չստացվի՝ մենք էս ամեն ինչը չենք տեսնում. տեսնում ենք, խորանում ենք, հասկանում ենք, բայց նաև ինչքան խորանում ենք, այնքան պրոբլեմներ են ի հայտ գալիս: Թվում է, որ մի պարզ հարցը, որ պետք է մեկ-երկու նախադասություն ասել, և փակվի, տեսեք՝ ինչքան շերտեր բացահայտվեցին. չասացի՝ բա ո՞ւր է նայում ՊՎԾ-ն»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: