շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայտարարությունն իրականում փակում է ԼՂ հարցը. Փաշինյանն այն ստորագրել է և, այլևս ոչ ոք դա չի փոխի». Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցը BBC-ին

«Հայտարարությունն իրականում փակում է ԼՂ հարցը. Փաշինյանն այն ստորագրել է և, այլևս ոչ ոք դա չի փոխի». Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցը BBC-ին

Հայկական դիվանագիտության վետերան, Հայաստանի առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հարցազրույց է տվել BBC-ին` վերլուծելով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմն ու դրան հաջորդած իրադարձությունները, փոխանցում է tert.am-ը։

Հարցին այն մասին, թե ինչպիսին է իրավիճակը նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո, Լիպարիտյանն ասել է. «Այս հայտարարությունը կարող է ունենալ երկու մեկնաբանություն: Մեկը հոռետեսական է և, ամենայն հավանականությամբ, ճիշտ : Բայց այն այնչափ հոռետեսական է, որ մարդկանց համար դժվար կլինի ընդունել այն: Կրակի դադարեցման մասին հայտարարությունն իրականում փակում է ԼՂ հարցը: Դա ուղղակիորեն չի ասվում, բայց հիմնված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Եվ դա ստորագրել է Փաշինյանը: Սա այլևս ոչ ոք չի փոխի»,-ասել է Լիպարիտյանը:

Վերջինիս կարծիքով՝ ադրբեջանցիները կվերադառնան ԼՂ, իսկ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի առավելագույն թվով վերադառնան:

«Մենք ևս ուզում ենք, որ մեր հայրենակիցները՝ Արցախի հայերը վերադառնան: Բայց արդյո՞ք նրանք պատրաստ կլինեն վերադառնալ նման Լեռնային Ղարաբաղ: Իսկ եթե (ԼՂ հայերի) մասսայական վերադարձ չկա, ապա ԼՂ հետագա կարգավիճակի շուրջ քննարկումների անհրաժեշտություն էլ չա:
Մյուս կողմից, Ռուսաստանը մեծապես շահագրգռված է տեսնելու հնարավորինս շատ հայերի վերադարձը: Քանի որ, եթե այնտեղ արցախցիներ չլինեն, ապա Ադրբեջանը կկարողանա (ռուս զինվորականներին) ասել՝ ի՞նչ եք անում այստեղ»,-ասել է Լիպարիտյանը:

Միևնույն ժամանակ նա նկատել է, որ երբ նախագահ Պուտինը և մյուս համաշխարհային առաջնորդներն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, դա չի նշանակում, որ ԼՂ անկախության ճանաչումը հնարավոր է: Ըստ Լիպարիտյանի՝ նրանք արդեն շատ պարզ ասել են, որ դա անհնար է. որ այն Ադրբեջանի մաս է: 

Դիվանագետը նշել է, որ այլևս գոյություն չունի ԼՂ կարգավիճակի ընտրություն`լինել անկախ ԼՂ, թե լինել Ադրբեջանի կազմում:

«Հայտարարությունը պարզ հասկացնում է, որ ընտրության մասին այլևս խոսք չկա, եթե երբևէ նման ընտրություն եղել է: Բանակցությունները կարող են լինել երկու սցենարի շուրջ: Արդյո՞ք հայկական Ղարաբաղը կլինի Ադրբեջանի տարածքում աշխարհագրական, տարածքայնորեն սահմանված միավոր, թե՞ հայերը կստանան մշակութային ինքնավարություն, որի մասին խոսում է Իլհամ Ալիևը, և որը չի ենթադրում փոքրամասնության համար տարածքային իրավունքներ: Դա կնշանակի իրավիճակ, ինչպիսի Թուրքիայում կամ Իրանում հայերի իրավիճակն է, որտեղ որպես կրոնական փոքրամասնություն նրանք ունեն որոշակի ինքնավարություն ՝ իրենց եկեղեցին, դպրոցները, գուցե թերթերը, հրատարակչությունները և հայոց լեզվի դասերը, բայց չունեն տարածք: Սրանք երկու տարբերակ են ՝ տարածքային կամ արտատարածքային (ինքնավարություն Ադրբեջանի կազմում): Եվ երաշխիքներ փոքրամասնությունների համար, բայց այսքանով` վերջ: Սա առավելագույնն է, որի շուրջ այժմ կբանակցվի: Չի բանակցվի անկախության և Ադրբեջանի տարածքում լինելու միջև»,-նշել է Լիպարիտյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

  • Կիսվել: