երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայկական կողմը երբեք չի ասել, թե կա երթուղի, որի հետ ոչ մի դեպքում չի համաձայնի, երթուղիների հարցում մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք. վարչապետ

Հայկական կողմը երբեք չի ասել, թե կա երթուղի, որի հետ ոչ մի դեպքում չի համաձայնի, երթուղիների հարցում մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք. վարչապետ

Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների՝ տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով, Հայաստանը ցանկանում է գտնել լավագույն երթուղին, խնդիրն այն է, որ, գուցե, Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ստանա: Այս մասին հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երթուղիների հարցում մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք, ես ոչ մի խնդիր չունեմ որևէ երթուղու հետ՝ բացառությամբ այն տրամաբանության, թե ինչքանով է դա տեխնիկապես իրագործելի: Մենք այդ նախագիծն անվանում ենք «Հայկական խաչմերուկ», որովհետև մենք ուզում ենք, որ այդ ճանապարհներից հնարավորինս շատ տրանսպորտային միջոցներ օգտվեն, հնարավորինս շատ բեռներ փոխադրվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս շատ եկամուտներ ստանա այդ բեռնափոխադրումից: Այս առումով ոչ մեկը մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որպեսզի դա լինի լավագույն երթուղին. հարմար, կարճ, տարին 12 ամիս հասանելի, անցանելի»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ հայկական կողմը երբեք չի ասել, թե կա երթուղի, որի հետ ոչ մի դեպքում չի համաձայնի: Հայաստանը, ընդհակառակը, հրավիրել է միջազգային փորձագետներ, առաջիկայում նրանք կգան:

«Մեզ պետք է լավագույն երթուղին գտնել: Ի վերջո, այդ ճանապարհները Հայաստանի հաշվին են կառուցվելու: Եվ եթե մի ճանապարհ կառուցենք, միլիոնավոր դոլարներ ներդնենք, ու պարզվի, որ այդ ճանապարհը մարդկանց հետաքրքիր չի, անցուդարձ չկա, այդ ճանապարհը Հայաստանին եկամուտ չի բերում, կստացվի, որ Հայաստանի պետական բյուջեի գումարը մսխեցինք»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է միջազգային բեռնափոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներին:

Վարչապետը նշեց՝ ճանապարհը Ադրբեջանի արևմտյան շրջանները միացնելու է Ադրբեջանին, սակայն նաև Կասպից ծովի բեռնափոխադրումները, Միջերկրական ծովի բեռնափոխադրումների մի որոշակի հատված անցնելու է այդտեղով:

«Եվ բնականաբար՝ ՀՀ-ի ցանկացած իշխանություն պետք է շահագրգռված լինի, որ բեռափոխադրումները՝ և երկաթուղով, և ավտոճանապարհներով, լինեն հնարավորինս շատ, որպեսզի հնարավորինս մեծ եկամուտներ բերեն Հայաստանին: Այս առումով խնդիրն այն է, որ գուցե Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ստանա: Դա ուրիշ հարց է, թող այդպես էլ ասեն: Գուցե Ադրբեջանը մտածում է, որ պետք է այս հարցն այնպես լուծել, որ Հայաստանը շարունակի շրջափակման մեջ մնալ: Այստեղ է խնդիրը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է: Ամբողջը տեղավորվում է այդ կոնտեքստում:

«Եվ Հայաստանը պատրաստ է գնա լուծումների: Եթե Ադրբեջանի համար սա իսկապես կոմունիկացիաների հարց է և ոչ թե էսկալացիայի մտացածին պատրվակ գտնելու թեմա, այդ հարցը գործնական լուծված է»,-եզրափակեց Փաշինյանը:

  • Կիսվել: