կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայկ Մամիջանյանի պարզաբանումներից հետո վարույթ նախաձեռնելն ակնհայտ ապօրինի է և ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ. Տիգրան Աբրահամյան

Հայկ Մամիջանյանի պարզաբանումներից հետո վարույթ նախաձեռնելն ակնհայտ ապօրինի է և ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին հարցաքննության հրավիրելը զավեշտալի է որակում:

«Իշխանությունը քրեական վարույթ է նախաձեռնել ու դրա շրջանակներում հարցաքննության հրավիրել մեր գործընկեր Հայկ Մամիջանյանին (իբր բռնության կոչ անելու համար), բայց նույն իշխանությունը շատ հանգիստ բռնություն գործադրելու հրաման է տալիս խաղաղ ակցիաներ կամ հավաքներ իրականացնող մեր հայրենակիցների նկատմամբ:

Տասնյակներով մարդիկ այս պահին էլ անազատության մեջ են, և եթե Արմեն Աշոտյանին, Գրիգորի Խաչատուրովին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին շատերը ճանաչում են, ապա քիչ չի այն մարդկանց թիվը, ովքեր, որպես քաղաքական ընդդիմախոսներ, անազատության մեջ են և շատերի մասին հասարակությունն առանձնապես տեղեկություններ չունի:

Իշխանությունն ինքն իրեն արտոնել է բռնության կոչեր հնչեցնել, այն հանրայնորեն արդարացնել, քարոզել, կոնկրետ դեպքերում` բռնություն կիրառել, միաժամանակ իրեն դուրս համարելով օրենքի դաշտից` երկիրը վերածել է «բեզպրեդելի»:

Կոնկրետ Հայկի դեպքում իրավիճակը զավեշտալի է նաև նրանով, որ նա, տեսնելով իշխանության տարբեր դեմքերի ու նրանց ծառայող թափթփուկների արձագանքները, ժամանակին բացել էր փակագծերը և հստակեցրել, թե ինչ նկատի ունի», - Facebook-ում գրել է Աբրահամյանը:

Նա նշել է, որ Հայկ Մամիջանյանի` պարզ հայերենով հնչեցրած պարզաբանումներից հետո, նման վարույթ նախաձեռնելն «ակնհայտ ապօրինի է և ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ»:

  • Կիսվել: