երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Հայաստանը զարգացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն․ ԱԳ փոխնախարարի ելույթը Դուբրովնիկում

Հայաստանը զարգացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն․ ԱԳ փոխնախարարի ելույթը Դուբրովնիկում

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Իր ելույթում Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու մոտեցումները՝ անդրադառնալով Հայաստանի դիրքավորմանը փոխակերպվող, բազմաբևեռ միջազգային հարաբերությունների պայմաններում։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին կապերի դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում համագործակցությունների ընդլայնումն ու ռազմավարական գործընկերությունների խորացումը։ Այս առնչությամբ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը, ինչպես նաև գործընկեր պետությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը։

Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումից՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ նշելով, որ ԹՐԻՓՓ-ը դրա կարևոր մաս է կազմում և նպաստում տարածաշրջանում փոխկապակցվածության ու փոխադարձ վստահության ձևավորմանը՝ ամրապնդելով Հայաստանի՝ որպես Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տարածաշրջանային կարևոր հանգույցի դերակատարությունը։

 

  • Կիսվել: