Հայաստանը շարունակում է ուշադրություն հրավիրել մարդասիրական խնդիրների վրա, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված անձանց. ԱԳ փոխնախարար
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը:
«Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։
Պարո՛ն նախագահ,
Հայաստանը մեծապես կարևորում է Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացը՝ դիտարկելով այն ոչ միայն որպես միջազգային երկխոսության և համագործակցության հարթակ, այլև՝ ազգային ինքնադիտարկման, ինստիտուցիոնալ զարգացման և մարդու իրավունքների երկխոսության արդյունավետ գործիք: Այս գործընթացի գլխավոր առավելությունը կայանում է իր ներառականության մեջ, քանի որ այն անցնում է կառավարությունների սահմաններից դուրսը՝ ներգրավելով ազգային շահագրգիռ կողմերի լայն շրջանակ: Այս ոգով Հայաստանը խթանել է մասնակցային մոտեցումներն իր Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանների ընթացքում՝ նպաստելով նաև գործընթացի ամրապնդմանը՝ որպես Համընդհանուր պարբերական դիտարկման բարեկամների խմբի անդամ: 2023 թ. փետրվարին Հայաստանը ներկայացրել է Համընդհանուր պարբերական դիտարկման իր երրորդ կամավոր միջնաժամկետ զեկույցը:
Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ զեկույցը պատրաստվել է բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ և անցել է հանրային քննարկման գործընթաց:
Առաջընթացը վերահսկելու և ինստիտուցիոնալ համակարգումն ապահովելու համար Հայաստանը ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմ: Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող Ազգային մեխանիզմը ծառայում է որպես կենտրոնացված հարթակ՝ միջգերատեսչական համագործակցությունն արդյունավետ դարձնելու և Հայաստանի՝ միջազգային մարդու իրավունքների պարտավորությունների համակարգված իրականացումն ու հաշվետվողականությունն ապահովելու համար։
2020 թ. մեր վերջին դիտարկումից ի վեր, Հայաստանը բախվել է աննախադեպ մարտահրավերների, այդ թվում՝ համաշխարհային COVID-19 համավարակի, ռազմական բռնության, լայնածավալ տեղահանության և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական հարձակումների հետևանքների։ Սրանք խորապես ազդել են մեր բնակչության վրա՝ փորձության ենթարկելով Հայաստանի դիմադրողականությունը և ընդգծելով ամենախոցելի խմբերին պաշտպանելու համար համապարփակ աջակցության անհապաղ անհրաժեշտությունը։ Չնայած այս մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է մնացել իր բարեփոխումների օրակարգի առաջխաղացմանը՝ խարսխված ժողովրդավարության, մարդկային արժանապատվության և օրենքի գերակայության վրա։
Հայաստանի չորրորդ շրջանի զեկույցում ներկայացված է երրորդ շրջանի ընթացքում ստացված հանձնարարութունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Այն մանրամասն ներկայացնում է օրենսդրական, ինստիտուցիոնալ և քաղաքական միջոցառումները՝ կառուցված մի շարք թեմատիկ խմբերի շուրջ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է բարեփոխումների հիմնական ոլորտները։
Միջազգային պարտավորություններն ամրապնդելու համար Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքներին վերաբերող մի շարք կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի Երկրորդ կամընտիր արձանագրությունը, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությունը, որը վերաբերում է բոլոր հանգամանքներում մահապատժի վերացմանը: ՀՊԴ անմիջական պարտավորություններից զատ, 2023 թ. Հայաստանը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը:
Իրավական և դատական բարեփոխումների առաջխաղացմանն ուղղված մեր շարունակական ջանքերի շրջանակներում Հայաստանն ընդունել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը և դրա գործողությունների ծրագիրը, որը բաղկացած է 12 ռազմավարական նպատակներից: Այս բարեփոխումները կենտրոնացած են դատական անկախության ամրապնդման, արդյունավետության բարձրացման և անաչառության խթանման վրա. բոլորը հիմնված թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա: Այս համատեքստում դատարանների կուտակված գործերի հասցեագրումը, մասնավորապես՝ քաղաքացիական արդարադատության համակարգում, հիմնական առաջնահերթությունն էր: Ես ուրախ եմ նշել, որ մեզ հաջողվել է հասնել կուտակված քաղաքացիական գործերի 80% կրճատմանը: Մեկ այլ կարևոր զարգացում է եղել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործումը, այդ թվում՝ 2023 թ. լիարժեք գործող Միջազգային արբիտրաժի և միջնորդության կենտրոնի ստեղծումը:
Ավելի ամուր հակակոռուպցիոն միջոցառումներ ապահովելու համար Հայաստանը ստեղծել է համապարփակ շրջանակ, որը միավորում է դատական, քննչական և կանխարգելիչ հաստատությունները: Ընդունվել է 2023-2026 թթ. կոռուպցիայի դեմ պայքարի հերթական ռազմավարությունը, և ընդլայնվել է իրավական շրջանակը, որը ներառում է ամբողջականության ստուգման մեխանիզմի և ակտիվների հայտարարագրման համակարգի բարելավումները: Շոշափելի արդյունքներ են գրանցվել ազդարարման համակարգում: Բացի այդ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մանդատը և վերահսկողական լիազորությունները զգալիորեն ամրապնդվել են, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ մոնիթորինգ և հաշվետվողականություն ապահովել:
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների խթանմանն ուղղված մեր երկրի հանձնառությանը համապատասխան՝ բարեփոխվել են ընտրական գործընթացները՝ մատչելիությունն ու թափանցիկությունը բարձրացնելու համար, այդ թվում՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրողների նույնականացման տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Հստակեցվել են քարոզարշավի ֆինանսավորման իրավական դրույթները: 2024 թ. Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում զբաղեցրել է 43-րդ տեղը՝ բարձրանալով 2023 թ. 49-րդ ցուցանիշից: Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ վերահաստատելով թվային իրավունքների և մամուլի ազատության նկատմամբ մեր ամուր հանձնառությունը:
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարն ամրապնդվել է 2023-2025 թթ. ազգային ծրագրի ընդունմամբ: Թրաֆիքինգի զոհերի համար նախատեսված ծառայությունները, ինչպիսիք են արտակարգ իրավիճակների ապաստարանները, բժշկական օգնությունը և հոգեբանական խնամքը, ընդլայնվել են և այժմ ֆինանսավորվում են պետության կողմից: Թրաֆիքինգի հետ կապված ծառայությունների համար բյուջետային հատկացումները կրկնապատկվել են 2019 թ.-ից ի վեր։
Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների է բախվել։ 2023 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանն ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընդունել է ավելի քան 115.000 փախստականի։ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այս մարդկանց կարիքները հասցեագրելու, մասնավորապես՝ երկրի կրթական, սոցիալական և առողջապահական համակարգերում նրանց ներառելու համար։
Հայաստանը շարունակում է ուշադրություն հրավիրել մարդասիրական խնդիրների վրա, այդ թվում՝ անհետ կորածների, բռնի անհետացումների և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վրա։ Մենք ընդգծում ենք անհետ կորածների ճակատագրերը պարզելու գործում սերտ համագործակցության և պատանդառված անձանց իրավիճակի հասցեագրման հարցում միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի նորմերի խիստ պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: