կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանը միանշանակ համաձայն է. Արմեն Գրիգորյանը՝ Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու մասին

Հայաստանը միանշանակ համաձայն է. Արմեն Գրիգորյանը՝ Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու մասին

Բրյուսելը նախապատրաստում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը. Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ եվրոպացի պաշտոնյաների հետ մի շարք հանդիպումներ է ունենալու՝ նաև այդ հարցերը քննարկելու:

Արմեն Գրիգորյանն այս օրերին Բրյուսելում է՝ մասնակցելու «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան-Եվրոպա» համաժողովին: Անդրադառնալով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հնարավորության մասին հարցին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ այս փուլում կարևոր է երկկողմ հարաբերությունները ակտիվացնելու և ամրապնդելու համար բոլոր գործիքների կիրառումը: Խոսքը ոչ միայն գոյություն ունեցող, այլև նոր համագործակցությունների հավանականության մասին է: 

«Ես ինչպես կոնֆերանսի ժամանակ եմ ասել, որ այս փուլում կարևոր է մեր երկկողմ համագործակցության այն բոլոր գործիքների իրականացումը, որ գոյություն ունի, որպեսզի երկկողմ հարաբերությունները ակտիվացնենք և ամրապնդենք: Մենք մի շարք ուղղություններով դիմել ենք ԵՄ-ին, որպեսզի նույնիսկ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը ընդլայնենք: Կարծում եմ, որ Եվրոպայի առումով մեզ ամենաուժեղ կապող գործոնը ժողովրդավարությունն է, և ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում նշանակում է ամրապնդել ԵՄ-ի հետ հարաբերությունները:

Հայաստանը պատրաստ է եռակողմ հանդիպմանը Բրյուսելում. դա նախկինում էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում, որ Հայաստանը պատրաստ է: Երբ որ հնարավոր լինի, այսինքն՝ երեք կողմ պետք է համաձայն լինեն. Հայաստանը միանշանակ համաձայն է: Երբ որ համաձայնություն լինի, հանդիպումը տեղի կունենա»,- ասել է Գրիգորյանը: 

  • Կիսվել: