ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղության գործընթացին․ Սիմոնյան

Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղության գործընթացին․ Սիմոնյան

 Հայաստանի զինված ուժերում մեծ փոփոխություններ են իրականացվում՝ սկսած օրենսդրական նախաձեռնություններից, վերջացրած կադրային փոփոխություններով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը, որում նա նշել էր, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել սահմանին սադրանք նախապատրաստելու համար, Սիմոնյանը ասաց, որ Ադրբեջանը մշտապես իր գործելաոճը ունեցել է, մշտապես դրանք օգտագործել է բանակցությունների ընթացքում, բայց ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, թե այսօրվա իշխանությունները չեն կարող և չեն կարողանալու բանակցել, բանակցային գործընթացը շարունակվում է։

Ազգային ժողովի նախագահը ընդգծեց՝ Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղության գործընթացին։

«Հայաստանի քաղաքացին և մենք գտնում ենք, որ պետք է առաջնայինը լուծենք անվտանգության հարցերը, իսկ անվտանգության հարցերը երկու ձևով են լուծվում՝ հարևան երկրների հետ խաղաղություն հաստատելով և ուժեղ բանակ ունենալով։

Օրենսդրական նախաձեռնություններով, կադրային մեծ փոփոխություններով առաջ ենք գնալու բանակը զարգացնելու ուղղությամբ: Ի դեպ, մինչև պատերազմը հաճախ ասում էին, որ բանակը գլխատել են և այլն, բայց նման բան չի եղել։ Հիմա ակնհայտ է դառնում, որ բանակում մեծ փոփոխություն կան։ Ես կարող եմ ասել, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր աշխատանքը կատարում է բավականին հաջող»,- ասաց Սիմոնյանը։

  • Կիսվել: