ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը հենց այսօր էլ պատրաստ է ադրբեջանցիների համար իր տարածքով անվտանգ կապ ապահովել Նախիջևանի հետ` համաձայն ՀՀ օրենսդրության. ՀՀ վարչապետ

Հայաստանը հենց այսօր էլ պատրաստ է ադրբեջանցիների համար իր տարածքով անվտանգ կապ ապահովել Նախիջևանի հետ` համաձայն ՀՀ օրենսդրության. ՀՀ վարչապետ

Արցախում ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, եւ, հետեւաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

"Ադրբեջանի նման ձեւակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են եւ ահա թե ինչու:

Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է (մեջբերում եմ). «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար» (մեջբերման ավարտ):

Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որեւէ պլան գոյություն չունի, եւ մենք մի քանի անգամ առաջարկել ենք եւ հիմա էլ առաջարկում ենք դա անել: Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան: Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի եւ խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ եւ եռակողմ գործընթաց է: Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետեւ մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել: Չնայած՝ պիտի ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:

Բայց, կրկնում եմ, խոսքը այստեղ, այսինքն՝ եռակողմ հայտարարության մեջ միայն ճանապարհի կառուցման մասին չէ: Պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարեւորագույն հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ:

Պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե Հայաստանի Հանրապետությունը փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից: Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային՝ դեռեւս ս.թ. հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում: Եւ ավելին՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգ էր տեղի ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով:

Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը: Ադրբեջանը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի՝ վերացնել այդ հայտարարությունը եւ խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից",- շեշտեց վարչապետը:

Նա նաև ընդգծեց, թե Ադրբեջանը անընդհատ թմբկահարում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և նախիջևանի միջև կապի հարցը: «Բայց մենք միշտ էլ ասել ենք, որ պատրաստ ենք ապահովել այդ կապը: Խնդրեմ Ադրբեջանցիները հենց այսօր էլ կարող են Հայաստանի տարածքով գնալ Նախիջևան` դա կարող է լինել Իջևանի, Սիսիանի կամ այլ` ադրբեջանցիների համար ցանկալի տարածքով: Մենք պատրաստ ենք ապահովելու այդ ուղիների անվտանգությունը` համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենքների»,- շեշտեց վարչապետը` հանձնարարելով ՀՀ ԱԱԾ պետին և ՊԵԿ նախագահին այդ երթուղիների ազատ տեղաշարժը և անվտանգությունը ադրբեջանցիների համար ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել` համաձայն ՀՀ օրենսդրության անձնագրային և մաքսային ստուգման ռեժիմների:

Նա նաև անդրադարձավ Բաքվի այն պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա են ՀՀ ԶՈՒ միավորումներ` հերքելով այդ պնդումները: «Հայաստանը կատարել և կատարում է նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունները»,- եզրափակեց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: