հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը երբևէ չի ընդգրկվի հակաիրանական որևէ քաղաքական նախագծի մեջ. դեսպան

Հայաստանը երբևէ չի ընդգրկվի հակաիրանական որևէ քաղաքական նախագծի մեջ. դեսպան

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 10-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանիի հետ և վերջինիս փոխանցել տեղեկություններ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության առջև ս.թ. հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին։


Ինչպես հայտնում են դեսպանատան մամուլի ծառայությունից, Մ. Ֆաղանին, նշելով Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ որոշակի դժգոհությունների մասին, վստահություն է հայտնել, որ այն չի կարող խաթարել երկու երկրների հարաբերությունները:

ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ ս.թ մարտի 15-ին ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ա. Հաղիղիանի հետ հանդիպման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման հիմնական նպատակները` երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացում, Մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ամրապնդում և Երուսաղեմում հայ պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանություն:

Կապված Մ. Ֆաղանիի դիտարկման հետ առ այն, որ որոշ շրջանակներում կարող են մտահոգություններ լինել Իրանի հարևան երկրում Իսրայելի ազդեցության ուժեղացման առնչությամբ՝ դեսպան Թումանյանը նշեց, որ երբևէ Հայաստանը չի ընդգրկվել հակաիրանական որևէ քաղաքական նախագծի մեջ և այսուհետ ևս բացառվում է իրադարձությունների նման ընթացքը:

ՀՀ դեսպանը ընդգծեց, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Մ. Ֆաղանին իր համաձայնությունը հայտնեց ՀՀ դեսպանի բազմիցս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկուստեք պայմանավորված չեն երրորդ երկրների հետ ունեցած հարաբերություններով:

Մ. Ֆաղանին հստակ կերպով ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նա նշեց, որ իրանական կողմը շարունակում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով արդյունավետ կերպով համագործակցել Հայաստանի հետ և հույս հայտնեց, որ համավարակի հաղթահարումից հետո կկայանան արդեն պայմանավորված բարձր մակարդակի հանդիպումները: Նա գոհունակությամբ նշեց, որ համավարակի պայմաններում երկու երկրները շարունակում են պահպանել համագործակցության բարձր մակարդակը:


Զրուցակիցներն անդրադարձան տնտեսական (այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում), մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման անհրաժեշտությանը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման խնդիրներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: