շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր կան․ Վարչապետ

Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր կան․ Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին խոսեց Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի, կառավարության գործադրած ջանքերի մասին:

Վարչապետը շեշտեց, որ Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր կան: 

«Մենք գիտենք, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է: Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է գնաճի աննախադեպ բարձր փուլում և դրա պատճառները կարող եք իմանալ ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով: Եվ Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ:

Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում էլ կունենանք:

Իհարկե, մենք հասկանում ենք, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք, և դա անում ենք այնքանով որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին:

Իսկ թե մենք ինչպես ենք հավաքում հարկերը ցույց է տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են 147 միլիարդ դրամով: Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացված հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամ: Ընդհանրապես՝ 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում:

Իհարկե, կան շահարկումներ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձեր և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հագու, նույնիսկ 20 հազար հագու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան բարձրացնել 550 հազար հոգու թոշակը: Կամ 600 հազար հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Եւ մենք իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները օր առաջ կյանքի կոչելու համար:

Մյուս կողմից, իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում ենք առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում և հետո այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված երկրի տնտեսության, իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը: Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են:

Տնտեսության հետ կապված, ուզում եմ խոսել նաև լավատեսական նորությունների մասին: Պիտի արձանագրենք, որ մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք: Մարտի առաջին 20 օրվա տվյալներով Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով, իսկ դրամաշրջանառությունը աճել է 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է: Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստան և սա բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու:

Էական է նաև, որ փետրվար ամսին գրանցված աշխատատեղերի՝ փետրվար ամսի համար բացարձակ ռեկորդ ունենք 646 հազար 77, որը 2021 թվականի համեմատ ավել է 10.3 տոկոսով, 2019 թվականի նկատմամբ՝ 12.7 տոկոսով: Նույնը վերաբերում է միջին աշխատավարձին՝ 2022 թվականի փետրվարին գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223 հազար 235 դրամ է, որը 2021 թվականի նկատմամբ ավել է 9 տոկոսով, 2019 թվականի համեմատ՝ 25.3 տոկոսով:

Բայց թերևս դժբախտաբար, սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը չէ:

Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ.

դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում: Այն ինչ կատարվում է աշխարհում, մեկնարկեց մեզ հետ տեղի ունեցածով և այսօր տեղի ունեցողն էլ ուղիղ անդրադառնում է և անդրադառնալու է մեր վրա:

Մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ: Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ:

Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր, ու մենք պիտի այդ փոթորկված աշխարհաքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի: Համոզված եմ՝ մենք դա կանենք, դա թերևս մեր պատմական առաքելությունն է»,- ասաց Փաշինյանը: 

  • Կիսվել: