Հայաստանում ոչ բոլորն են կիսում երկրի ղեկավարության տեսակետը. Պեսկով
Հայաստանում ոչ բոլորն են կիսում երկրի ղեկավարության տեսակետը։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտեցման հետ. «Ոչ բոլորն են կիսում այս տեսակետը։ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք չեն կիսում նման մոտեցումը։ Այդ ուժերը մեզ համակրելի են, մենք դա չենք թաքցնում»։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան ցանկանում է համագործակցել Երևանի հետ նաև հանուն բուն Ռուսաստանի բարօրության։
«Որովհետև մեզ համար գլխավորը մեր բարգավաճումն է։ Հայաստանի հանդեպ ամբողջ հարգանքով ու սիրով հանդերձ՝ մեզ համար գլխավորը Ռուսաստանն է։ Բայց և միևնույն ժամանակ դա փոխշահավետ գործընթաց է։ Դա ձեռնտու է նաև հայերին», - ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը եղել, կա ու կմնա Ռուսաստանի համար եղբայրական երկիր, և Մոսկվան արժևորում է Երևանի հետ գործընկերությունը։


