կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանում իշխանությունները ոչնչացնում են քաղաքական ինստիտուտի կարևոր մի հատված. Մինասյան

Հայաստանում իշխանությունները ոչնչացնում են քաղաքական ինստիտուտի կարևոր մի հատված. Մինասյան

Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը իշխանության մեջ մենատիրության հաստատման առարկայական գործողություններ է նկատել, ինչը, ըստ նրա, «լուրջ մարտահրավեր է»:

«Դատարանների նվաճման քաղաքականությունը, որ իշխանությունը վերից վար պլանավորված ձևով փորձում էր իրականացնել, բացահայտում է նաև անձնիշխանության, անձնակենտրոն իշխանության ցանկություններն ու ձգտումները: Դատարանների վրա ճնշումները խոսում են այն մասին, որ մենք ոչ միայն չենք կարող իրավական պետության մասին խոսել, այլև հակառակը՝ խոսում ենք բռնապետության մասին, մի հասարակության մասին, որտեղ մատնությունը դարձել է հիմնական վարքագծի կանոն»,-այսօր քննարկման ժամանակ հայտարարեց Մինասյանը:

Նա կարծում է, որ իշխանությունները վերացել են «ժողովրդավարական ամենատարրական կանոններից»:

Դաշնակցական գործիչը նկատեց, որ քաղաքական կուսակցությունները, հատկապես իշխանություններին ընդդիմացողները, ներկայիս Հայաստանում պիտակավորվում են․

«Այսինքն՝ ոչնչացվում է հենց քաղաքական ինստիտուտի կարևոր մի հատված: Առանց քաղաքական կուսակցությունների՝ նաև գաղափարախոսություն չի կարող լինել, առանց գաղափարախոսության՝ ապագա չի կարող լինել: Պատահական չէ, որ եթե առանց գաղափարախոսության ձևավորվում է իշխանություն, այն կամ պետք է գնա մենիշխանության հաստատման և բռնատիրության միջոցով իշխանությունը պահելուն, կամ պարզապես պետականությունը կորցնելու ճանապարհով»,-ասաց Մինասյանը:

  • Կիսվել: