կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա. Փաշինյան

Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա. Փաշինյան

Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի հարց, որն անվանում է «արևմտյան Ադրբեջան». Եվ Ադրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70%-ը և մեզ հրավիրում է քննարկել «արևմտյան Ադրբեջանի» հարցը: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է իր դիրքորոշումը, երբ Ադրբեջանը բարձրացնում է փախստականների վերադարձի հարցը:

«Մենք ասում ենք, որ Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա։ Եթե ուզում ենք արևմտյան Ադրբեջան փնտրել, դա Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեյի, Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի, Կուբաթլուի շրջաններն են:

Այս գծից այս կողմ արևմտյան Ադրբեջան չկա։ Շատ ցանկանալու բերումով նաև Նախիջևանը կարելի է արևմտյան Ադրբեջան համարել աշխարհագրական առումով։

Նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա, մեզ կոչ անելով ինչ-որ հարց քննարկել: Հետևաբար նման հարցը մեզ համար քննարկելի չէ, չի կարող քննարկելի լինել։

Իսկ ընդհանրապես, եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում և Սփյուռքում կան փախստականներ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գյանջայից և այլն։ Մեր ընկալումն այն է, որ դա պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ, և հետևաբար մենք չենք կարող այդ հարցը քննարկել»,-ասաց նա:

Փաշինյանը շարունակեց, որ «Զանգեզուրի միջանցք» ասված խոսույթը նույնպես հենց այդ պատճառով անընդունելի է մեզ համար, որովհետև դա տարածքային պահանջ է պարունակում Հայաստանի դեմ։

«Եթե խոսքը տրանսպորտային հաղորդակցության և տնտեսական հաղորդակցության մասին է, մենք բաց ենք և ասում ենք այո, տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության պայմաններով։ Եվ հասկանալով, որ կան բարդություններ, նույնիսկ ասում ենք, որ պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների, որ դա իրականություն լինի և տեղի ունենա, և արել ենք կոնկրետ առաջարկ երկաթուղային կապի վերականգնման համար և սպասում ենք Ադրբեջանի պատասխանին:

Ընդ որում, այդ առաջարկի էությունը մենք չենք հրապարակում մի պարզ պատճառով, որպեսզի նաև դա դիվանագիտական կոռեկտության խախտում չլինի, որ աշխատանքային փաստաթղթի էությունը բացում ենք, բայց մեր գնահատմամբ մենք լուծել ենք այդ հարցը և ակնկալում ենք նույնպիսի լուծում մեզ համար։

Այսօր ասում եմ, որ մենք առաջարկել ենք այնպիսի լուծում, որ արևմտյան Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով երկաթուղային բեռնափոխադրումների հարցի լուծում ենք տվել։ Ընդամենը մնում է, որ Ադրբեջանն այդ լուծմանը համաձայնվի։ Ավելին ասեմ, մենք դեռ 2022 թվականից, եթե չեմ սխալվում, Կառավարությունում շրջանառության մեջ է Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետերի բացման մասին Կառավարության որոշման նախագիծը։ Այսինքն՝ նախագիծը նրա մասին է, որ սահմանային կոնկրետ կետերում մենք անցագրային կետեր ենք բացում, որպեսզի Ադրբեջանի տրանսպորտային միջոցները, բեռները, քաղաքացիները կարողանան երթևեկել Հայաստանի Հանրապետության տարածքով, այդ թվում՝ դեպի Նախիջևան։ Եվ սա է հարցի մեր ընկալումը»,- ընդգծեց Փաշինյանը:

  • Կիսվել: