ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանն ու Գերմանիան պատրաստակամ են համագործակցել երկկողմ հարաբերությունների ավելի հավակնոտ օրակարգ ձևավորելու համար

Հայաստանն ու Գերմանիան պատրաստակամ են համագործակցել երկկողմ հարաբերությունների ավելի հավակնոտ օրակարգ ձևավորելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդիպմանն ընդգծել են երկու երկրների հարաբերություններում առկա զարգացման մեծ ներուժը և պատրաստակամություն հայտնել հետևողականորեն համագործակցել նոր, ավելի հավակնոտ օրակարգ ձևավորելու հարցում։

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում կանցլերի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: 
 
«Մեր պատվիրակությունը և ես գոհունակությամբ ենք արձանագրել, որ Հայաստանի և Գերմանիայի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Մեր հարաբերություններն ակտիվորեն զարգանում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթություններում, ինչի վկայությունն են հատկապես վերջին շրջանում բարձր մակարդակով փոխայցերն ու ակտիվ շփումները»,-նշեց վարչապետը:  
 
Վարչապետն ու կանցլերը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Նրանք կարևորել են երկուստեք շարունակական ջանքերը՝ առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան պահպանելու, փոխադարձ ներդրումները խրախուսելու ուղղությամբ։ 
 
«Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում Հայաստանի ընդգրկումը՝ որպես երկկողմ գործընկեր, ինչը հիանալի հնարավորություն է ընձեռում ապահովելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների և ծրագրերի կայուն շարունակականությունը»,-ասաց Փաշինյանը:
 
Փաշինյանն ու Շոլցն անդրադարձել են նաև հայ-գերմանական ֆինանսական և տեխնիկական համագործակցությանը, մասնավորապես` գերմանական միջազգային համագործակցության գործակալությունների` GIZ-ի և KFW-ի գործունեությանը Հայաստանում: 
 
«Լիահույս ենք, որ մոտ ապագայում KfW և GIZ տեղական գրասենյակների բացումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև զարգացման համագործակցության համար: Գերմանիան և Հայաստանը բնապահպանության ոլորտում համագործակցության երկարամյա փորձ ունեն, փոփոխվող կլիմայի պայմաններում, մենք հետաքրքրված ենք զարգացնելու այդ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման, անտառվերականգման և վերականգնվող էներգիայի ոլորտներում։ Մենք հետաքրքրված ենք նաև «կանաչ ջրածնի» զարգացման հարցում»,-ասաց վարչապետը:
 
 Փաշինյանը գոհունակությամբ նշեց նաև երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում ծավալվող արդյունավետ համագործակցության մասին: Հայկական և գերմանական ԲՈՒՀ-երի և անհատ գիտնականների միջև կա արդյունավետ համագործակցություն, որը զարգացման մեծ ներուժ ունի։ Նա չափազանց կարևոր համարեց նաև համատեղ մշակութային միջոցառումները և մարդկանց միջև շփումները։ 
 
Վարչապետն ու Գերմանիայի կանցլերը հանդիպմանն անդրադարձել են նաև միջխորհրդարանական համագործակցությանը՝ գոհունակությամբ արձանագրելով մասնավորապես վերջին մի քանի տարիների ընթացքում խորհրդարանականների ակտիվ շփումներն ու այցելությունները։ Երկկողմ հարաբերություններում կարևոր դեր ունի նաև ապակենտրոնացված համագործակցությունը, որի շրջանակներում արդեն իսկ հաստատված համագործակցության բազմաթիվ օրինակներ կան: 
 
«Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ և մեր պատրաստակամությունն ենք հայտնել համատեղ ջանքերով հետևողականորեն համագործակցել՝ նոր, ավելի հավակնոտ օրակարգ ձևավորելու հարցում»,-ասաց վարչապետը: 
 
Նրանց հանդիպման օրակարգում է եղել նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը, ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը: Վարչապետը հայտնեց հայկական կողմի՝ ջանքեր ներդնելու պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության օրակարգի ընդլայնմանը:

  • Կիսվել: