հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանը հաշտվում են Արևմուտքում. Коммерсантъ

Հայաստանն ու Ադրբեջանը հաշտվում են Արևմուտքում. Коммерсантъ

Հայաստանն ու Ադրբեջանը գնալով ավելի շատ են աշխատում խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա։ Հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հանդիպել են երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, իսկ նոյեմբերի 7-ին բանակցությունների վայր է դարձել Վաշինգտոնը (թեև այս անգամ արտգործնախարարների մակարդակով): Սպասվում է, որ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Բրյուսելում, գրում է Коммерсантъ պարբերականը, որի «Հայաստանն ու Ադրբեջանը հաշտվում են Արևմուտքում» վերտառությամբ հոդվածը ներկայացնում ենք ստորև.

Հանդիպում հանդիպման հետևից

Коммерсантъ-ը նկատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաշինգտոնյան հանդիպումը տեղի է ունեցել խորհրդանշական ամսաթվին։ Ենթադրվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 7-ին էր, որ ադրբեջանական զորքերը վերջնականապես ամրացել են Շուշիում՝ հասնելով այդ պատերազմի հիմնական նպատակին։ 

«Արտգործնախարարները մտքեր են փոխանակել պոտենցիալ խաղաղության պայմանագրի տարրերի շուրջ և հայտարարել, որ կան մի շարք խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն, Վաշինգտոնի հանդիպումից հետո համաձայնեցված հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունները։ Երկուստեք վերահաստատվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած պարտավորությունները։

Հաղորդվում է, որ նախարարները որոշել են «արագացնել իրենց բանակցությունները և առաջիկա շաբաթներին ևս մեկ հանդիպում անցկացնել»:

Միևնույն ժամանակ, մինչև նոյեմբերի վերջ Փաշինյանը և Ալիևը պետք է կրկին հանդիպեն Բրյուսելում։ Ալիևը բազմիցս ասել է, որ եթե լինի քաղաքական կամք, ապա խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև այս տարվա վերջ։ Նույն միտքը նա կրկնել է նոյեմբերի 8-ին՝ ելույթ ունենալով Շուշիում տեղի ունեցած զորահանդեսին։

Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի կնքման թեման վերջին անգամ քննարկվել է հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ Փաշինյանի, Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

«Հանդիպումն օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում իրավիճակի կարգավորման հետագա քայլերի համար», - ասել էր Պուտինը բանակցություններից հետո։

Ավելի վաղ Ալիևը Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունք էր առաջադրել՝ երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, տարածքային պահանջների բացակայության հաստատում, անվտանգության սպառնալիքներից հրաժարում, սահմանի սահմանազատում և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ Միաժամանակ, Արևմուտքի առաջարկները ներառում են Ղարաբաղի անվերապահ ճանաչումը որպես Ադրբեջանի մաս՝ առանց որևէ հատուկ կարգավիճակի։ Իսկ ռուսական նախաձեռնությունը հուշում է, որ կարգավիճակի հարցը կհետաձգվի ավելի ուշ ժամանակվա։

 

Իրանական գործոն

Արևմուտքի կողմից միջնորդական ջանքերի ակտիվացումը համընկել է Ադրբեջանի պետական և կառավարամետ լրատվամիջոցներում Մոսկվայի և, առաջին հերթին, ռուս խաղաղապահների նկատմամբ քննադատության աճի հետ: Այսպես, Caliber.az-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրը, նշում է, որ խաղաղապահներն իբր մարդասիրական օգնության քողի տակ ներգրավված են եղել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխմանը (Մոսկվան չի մեկնաբանել այս հրապարակումը)։ 

Նշենք, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ալիևը ստորագրել է հայտարարության տակ, որում ասվում է, որ Երևանը և Բաքուն ընդգծում են «ռուսական խաղաղապահ զորակազմի հիմնական ներդրումը տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում» և «նրա ջանքերի պահանջվածությունը՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար»։ Մյուս կողմից, Շուշիում ելույթ ունենալով Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ Ադրբեջանի նախագահն այլ շեշտադրում է արել.«Ղարաբաղը «մեր հողն է» (չակերտները՝ Tert.am)։ Այնտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի  հայտարարության մեջ նրանց ժամկետը նշված է, և եթե ինչ-որ մեկը հույսեր կապի ինչ-որ մեկի հետ, ապա կրկին ողբերգության կբախվի»։

Ընդ որում, Ալիևի ելույթում որպես հակառակորդ հանդես է եկել ոչ միայն Հայաստանը, այլև Իրանը, որն վերջին շրջանում ակնհայտորեն Երևանի կողմն է։

«Մենք սերտ կապեր ենք հաստատել մուսուլմանական երկրների հետ և կարողացել ենք նրանց բացատրել, որ Հայաստանը «ագրեսիվ քաղաքականություն է վարում» (չակերտները՝ Tert.am) ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ մուսուլմանական աշխարհի դեմ: Մուսուլմանական երկրների ղեկավարները կարո՞ղ են իրենց գիրկը բացել մզկիթները «քանդողների» (չակերտները՝ Tert.am) առաջ։ Կարո՞ղ են նրանց գրկել և համբուրել: Սա կեղծավորություն է, սա դավաճանություն է։ Դրան այլ անուն չկա»,- ասել է Ալիևը։ 

Ըստ Коммерсантъ-ի՝ այստեղ Ադրբեջանի նախագահը հստակ անդրադարձել է Փաշինյանի վերջերս Թեհրան կատարած այցին, որտեղ Հայաստանի վարչապետին իսկապես շատ ջերմ են ընդունել:

«Բայց Բաքվի և Թեհրանի փոխադարձ պահանջները շատ ավելի խորն են, քան Նիկոլ Փաշինյանի գրկախառնությունն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է ծայրահեղականների մի ամբողջ խմբի ձերբակալության մասին, որոնք իբր գործում էին Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո։ Իսկ Իրանի պետական Sahar TV հեռուստաալիքը հրապարակել է մի ֆիլմ, որտեղ պնդում է, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը էթնիկ քուրդ է և ժամանակին համագործակցել է Անկարայի և Բաքվի կողմից որպես ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ»,- եզրափակել է աղբյուրը:

 

 

  • Կիսվել: