կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առանց քվեարկության են ընտրվել ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի փոխնախագահ

Հայաստանն ու Ադրբեջանն առանց քվեարկության են ընտրվել ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի փոխնախագահ

Փարիզում շարունակվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանը։ Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանն ընտրվում է Գլխավոր համաժողովի հերթական նստաշրջանի փոխնախագահ։

Այս նստաշրջանին փոխնախագահ է ընտրվել նաև Ադրբեջանը։ ՅՈւՆԵՍԿՕ-ի այս քայլին օրեր առաջ անդրադարձել էր ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը՝ անարգանք որակելով կատարվածը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն 9 ամիս նպատակահարմար չհամարեց դատապարտել ադրբեջանցիներին, երբ Արցախի շրջափակման միջոցով խաթարվում էր հազարավոր հայ երեխաների ուսումանկան գործընթացը։ Իսկ հիմա այն Ադրբեջանին ընտրում է իր Գլխավոր համաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Անարգանք»,- գրել է նա X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։

«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշեց, որ երկրներն ընտրվել են առանց քվեարկության։

«Այս ընտրություններում արևելաեվրոպական տարածաշրջանային խմբի 6 տեղի համար առաջադրվել էր 4 երկիր (Հայաստան, Լեհաստան, Հունաստան և Ադրբեջան), և ընտրություններն անց են կացվել առանց քվեարկության. առաջադրված չորս երկրներն ընտրվել են: Նույն սկզբունքով նաև մյուս տարածաշրջանային խմբերի համար. ընդհանուր թվով 36 տեղի առկայության պարագայում ընտրվել է 31-ը»,- ասաց Բադալյանը: 

Հայաստանը փոխնախագահ է ընտրվել 3-րդ, իսկ Ադրբեջանը՝ 5-րդ անգամ։ Նախորդ՝ 2021թ. նոյեմբերի ընտրությունների ժամանակ Հայաստանն իր տարածաշրջանային խմբից Լիտվայի հետ էր ընտրվել այս մակարդակում:

Նշենք, որ 2023թ. նոյեմբերի 7-ին 72 տարեկան հասակում մահացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի վարչապետի անձնական ներկայացուցիչ, դիվանագետ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանը։ ԱԳՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այս պահին դեռ նոր նշանակում չկա։

Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը։

  • Կիսվել: