Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի. Փաշինյան
Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանի Հանրապետությունը գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի ութին արած հայտարարություններին։
Նա նաեւ նշել է. «Ընդ որում, մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել: Եվ ընդ որում, մենք այս թեմայով ևս մի լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք:
Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021 թվականի դեկտեմբերին, Բրյուսելում:
Ադրբեջանի նախագահը ինքն է դրժում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահի միջնորդությամբ:
Ադրբեջանի նախագահը ինքն է խախտում 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունը և դրժում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում և բացառի ցանկացած էսկալացիա»,-հայտարարեց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանն ամեն օր պատրաստ է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ ապահովել, բայց Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորությունից։



