ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանին արտահերթ ընտրությունների հեռանկար մոտ ապագայում չի սպասվում. քաղաքագետ

Հայաստանին արտահերթ ընտրությունների հեռանկար մոտ ապագայում չի սպասվում. քաղաքագետ

Երկրում արտահերթ ընտրությունների անցկացնելը ինչ-որ մեկի ցանկությունների հարց չէ, դրա համար պետք է լինեն հիմնավոր պատճառներ, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ պատասխանելով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին հարցին:

Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ըստ Հակոբյանի, իշխանությունը պետք է հասկանա, որ մինչև հերթական ընտրությունների ժամկետը, Հայաստանի դեպքում՝ մինչև 2023 թվականը չի կարող պահպանել իր վարկանիշը և համեմատաբար բավարար վարկանիշով գնում է արտահերթ ընտրությունների: «Իշխանությունները կարող են ասենք՝ 2021 թվականին կազմակերպել արտահերթ ընտրություններ, երբ վարկանիշը համեմաաբար բավարար է ու ևս մի քանի տարով երկարացնել գործունեության ժամկետը», - նշեց Հակոբյանը:

Արտահերթ ընտրություններ կազմակերպելու մյուս տարբերակը ուժեղ ընդդիմությունն է, որը կարող է փողոցի միջոցով այնպիսի վիճակ ստեղծել, երբ ակնհայտ կլինի, որ գործող խորհրդարանը այլևս չի ներկայացնում հանրության տրամադրությունները: «Կա մեկ այլ տարբերակ ևս, որի արդյունքում կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրություն՝ տեղի է ունենում ոչ այնքան թավշյա հեղափոխություն, 2018-ից տարբեր, ուրիշ մեթոդոլոգիայով, ոչ գործող իշխանությունների մասնակցությամբ, ինչը ստիպում է իշխանությանը սուսուփուս հեռանալ», - ասաց Հակոբյանը:

Այդուհանդերձ, քաղաքագետի պնդմամբ, Հայաստանին արտահերթ ընտրությունների հեռանկար մոտ ապագայում չի սպասվում: Նրա խոսքով, բնական է, որ ընդդիմադիր որոշ խմբեր արտահերթ ընտրությունների հնարավորության թեման օրակարգային են դարձնում:

«Դա քաղաքական ուժերի գործիքակազմի կարևոր բաղկացուցիչ է: Ինչպես են բացատրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, նրանք ասում են, որ մենք պետք ենք այդ խորհրդարանին, որ լինենք ռեալ ընդդիմություն, որ արտաքին մարտահրավերների ժամանակ ընդդիմության ձայն լսվի: Արտահերթ ընտրության հարցը բարձրացնողները շատ լավ են հասկանում, որ որևէ հիմք չկա հիմա երկրում արտահերթ ընտրություն անցկացնելու», - նշեց քաղաքագետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: