երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել․ ՊՆ

Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Սյունիքում Ադրբեջանին  միակողմանի ռազմավարական դիրքեր հանձնելու մասին լուրերը։ Պն տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ հարավ-արեւելքում (Սյունիքում), հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին»: Նշված տեղեկությունը բացարձակ սուտ է:

Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել, սահմանի ամբողջ երկայնքով գտնվում են իրենց զբաղեցրած դիրքերում և լիարժեք կատարում են առսջադրված խնդիրները:

Միևնույն ժամանակ` ցավով արձանագրում ենք, որ զինված ուժերին վերաբերող կեղծ տեղեկատվությունն ու իրականության խեղաթյուրումն սկսում են միտումնավոր և ուղղորդված բնույթ կրել, ինչը չի կարող լուրջ անհանգատություն չառաջացնել: Կոչ ենք անում հատկապես ԶԼՄ-ներին` տուրք չտալ «սկանդալային» տեղեկություններ տարածելու շնորհիվ հավելյալ դիտումներ ապահովելու գայթակղությանը և զերծ մնալ հետպատերազմյան շրջանում ամենժամյա ռեժիմով ծանր խնդիր լուծող զինված ուժերի հեղինակությանը վնասող գործողություններից»:

  • Կիսվել: