շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելն է. Արուսյակ Ջուլհակյան

Հայաստանի նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելն է. Արուսյակ Ջուլհակյան

Սեպտեմբերի 14-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից լրագրողը հետաքրքրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններով, որի առնչությամբ երեկ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ կողմերին դեռեւս չի հաջողվում առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալ:

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք սա, ինչպես նաեւ սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումները նշանակո՞ւմ են, որ բանակցությունները փակուղի են մտնում:

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով կողմերը բավականին բարդ գործընթացի մեջ են գտնվում երկար ժամանակ, եւ որեւէ մեկը չի ասել, որ խաղաղության հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը հեշտ է տրվելու, քանի որ բազմաթիվ դրվագներում կողմերի մոտեցումները հեռու են իրարից: «Ճիշտ եք, հինգերորդ շրջափուլն է, որ առաջարկներով փոխանակվում ենք: Հիմա ստացել ենք Ադրբեջանի առաջարկները, դրանք կուսումնասիրվեն մեր կողմից, գործընթացը շարունակվում է: Բանակցությունները փակուղում չեն գտնվում, որքան էլ որ բարդ է իրավիճակը, եւ ինչպես ճշգրիտ նշեցիք՝ սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումներ կան»,-ասել է նա:

Լրագրողը նաեւ հարցրել է, թե ինչպե՞ս է արձագանքել Ադրբեջանը հայկական կողմի առաջարկներին:

Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ վերջին առաջարկների վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան: «Կան կետեր, որոնց շուրջ համաձայնության դեռեւս չենք կարողանում հասնել, բայց շարունակում ենք բանակցել, քանի որ ասել ենք, որ Հայաստանի նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելն է: Չնայած այն հանգամանքին, որ բարդություններ են առաջանում, որ բանակցությունների մյուս կողմը՝ Ադրբեջանը, միշտ չէ, որ կառուցողական է լինում, շատ հաճախ ապակառուցողական է լինում՝ մենք չպետք է մեր նպատակներից շեղվենք, եւ պետք է շարունակենք աշխատանքները խաղաղության եւ կայունության հասնելու ուղղությամբ, եւ այդ աշխատանքները շատ դեպքերում պետք է ծավալենք մեր միջազգային գործընկերների հետ»,-ընդգծել է նա:

Հարց է հնչել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ: Արուսյակ Ջուլհակյանի խոսքով Հայաստանը շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի: «Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմ է, եւ մենք մեր ստորագրության տերն ենք: Հետեւաբար, Հայաստանը շարունակում է պնդել եւ շարունակելու է պնդել Լաչինի միջանցքի՝ երկու ուղղությամբ ազատ տեղաշարժի հարցում: Այդ առումով մենք աշխատում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Շարունակելու ենք այդ ուղղությամբ կիրառել թե՛ քաղաքական, թե՛ իրավական գործիքակազմերը: Գիտեք, որ միջազգային երկու դատական ատյաններից արդեն ունենք մի քանի միջանկյալ որոշումներ, եւ շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները»,-նշել է պատգամավորը:

Աղդամի ճանապարհի բացմանն առնչվող հարցի կապակցությամբ էլ պատգամավորները, հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, նշել են, որ դրա վերաբերյալ քննարկումներն ու որոշումները Հայաստանի տիրույթում չեն, ուստի այդ հարցը պետք է ուղղել ԼՂ իշխանություններին: Փաստաթղթում պարզ գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, եւ Ադրբեջանն էլ պետք է ապահովի երկու ուղղություններով ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Անդրադառնալով պայմանագրի շուրջ տարաձայնությունների վերաբերյալ հարցին՝ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ հիմնական, ամենագլխավոր կետերը վերաբերում են փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը, ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության իրացմանը, ՀՀ-ի ինքնիշխանության եւ սուվերենության պահպանմանը: «Սրա տակ կան, բնականաբար, բացվածքներ, դետալներ, որոնց մասին այս պահին հրապարակային խոսելու կարիք չկա»,-ասել է նա: Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ խաղաղության պայմանագրում պետք է հստակ մեխանիզմներ եւ երաշխիքներ լինեն, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: «Դուք գիտեք, որ փոխադարձաբար պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի ղեկավարի միջեւ տարածքային ամբողջականության ճանաչելու մասին, բայց մինչեւ այս պահն այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել»,-պարզաբանել է նա:

  • Կիսվել: