երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կանենք մեզնից կախված ամեն ինչ. Էրդողան

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կանենք մեզնից կախված ամեն ինչ. Էրդողան

՛՛Վեցյակի հարթակը՛՛ կարող է ՛՛խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում՛՛: Այս մասին Շուշիում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է minval.az-ը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ցանկանում ենք, որ ՛՛Վեցյակի հարթակը՛՛ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) տարածաշրջանը դարձնի խաղաղ համակեցության վայր։ Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ղարաբաղն ու Ադրբեջանն այլևս նման ողբերգություն չվերապրեն՛՛:

Էրդողանը նաև ասել է, որ այդ ուղղությամբ Ալիևի հետ պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։

Ըստ նրա՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար նման ջանքեր պատրաստ է գործադրել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ փաստաթղթերի ստորագրման արարողություն, մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին հավեել է. ՛՛Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում՛՛:

Նրա խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

Ալիևն ասել է. ՛՛Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին՛՛:Նրա խոսքով՝ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:

Իլհամ Ալիևն հավելել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ նշել է, որ ՛՛Անկարան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար՛՛: Նա Երևանին կոչ է արել համագործակցել ՛՛Վեցյակի հարթակի՛՛ շրջանակներում։

Էրդողանը, մասնավորապես, ասել է. ՛՛Ես Երևանին կոչ եմ անում օգտվել ՛՛Վեցյակի հարթակի՛՛ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան) շրջանակներում տարածաշրջանում համագործակցության հնարավորություններից։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կանենք մեզնից կախված ամեն ինչ»՛՛:

 

  • Կիսվել: