հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի և Կիպրոսի նախագահները կարևորել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցությունը

Հայաստանի և Կիպրոսի նախագահները կարևորել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ:

Ողջունելով կիպրոսցի պաշտոնակցին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու եղբայրական երկրների միջև հարաբերությունները հիմնված են ամուր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապերի վրա, ինչն ապահովում է միջպետական հարաբերությունների շարունակականությունը և դրանք է՛լ ավելի ընդլայնելու պատրաստակամությունը:

Երկու նախագահները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրները միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ ունեն համանման մոտեցումներ, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում սերտորեն համագործակցում են:

Քաղաքական ու ոլորտային համագործակցությունն առավել խթանելու առումով կարևորվել է երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը։

Կողմերը կարևորել են ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը, անդրադարձել այդ ձևաչափով Երևանում նախատեսված հանդիպմանը:

  • Կիսվել: