ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի և Արցախի անվտանգության առաջին սպառնալիքն այս իշխանությունն է․ Աբրահամյան

Հայաստանի և Արցախի անվտանգության առաջին սպառնալիքն այս իշխանությունն է․ Աբրահամյան

Հայաստանի և Արցախի անվտանգության առաջին սպառնալիքն այս իշխանությունն է, խորհրդարանական ընդդիմության հրավիրած «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, դրա ամենավառ ապացույցն այս իշխանությունների կողմից իրականացվող գործընթացներն են՝ այդ թվում երկրի կառավարման պետական համակարգի կազմալուծումը, պետության ինստիտուտների ոչնչացումը։ «Խաղաղության պայմանագիրն» իր հերթին է անվտանգային ռիւսկեր առաջացնում և միայն առաջին հայացքից է միտված խաղաղությանը։

«Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև ընթացող «Խաղաղության պայմանագիր» ձևակերպումը չի արտահայտում գործընթացի իրական էությունը։ Այսօր թիվ մեկ սպառնալիքը «խաղաղության» գործընթացն է, որն իրականության մեջ կարող էր կոչվել կապիտուլյացիոն, հանձնման, անկման, հայրենիքի կորստի կամ մեկ այլ պայմանագիր, քանի որ քննարկվող սկզբունքները, որոնք հրապարակված են, Հայաստանի, Արցախի անվտագությունից ու շահերից չեն բխում։ Ինքնորոշման իրավունքն ամբողջությամբ բացակայում է այս փաստաթղթից։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունը ոչ միայն հետ է կանգնել ինքնորոշման իրավունքի սկզբունքից, այլ կրկնում է Ադրբեջանի՝ տարիներ շարունակ առաջ տարվող ու կրկնվող մոտեցումները»,-ասաց Աբրահամյանը՝ հիշեցնելով  նախատեսված սահմանազատման, սահմանագծման մասին։

Տիգրան Աբրահամյանն ասաց նաև՝ միջազգային գործընկերները հաճախ են իրենց հարցնում՝ դե՞մ են Հայաստանի ու Արցախի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին։

«Գիտե՞ք, այս հարցը բավականին տարօրինակ է հնչում, քանի որ այս գործընթացին նախորդել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների բռնազավթման գործընթացը, այսինքն, Ադրբեջանն իր ձևով արդեն իրականացրել է դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթաց ու փորձում է դրան տալ իրավական ու միջազգային ամրագրումներ։ Մինչդեռ Ադրբեջանի խնդիրը միայն անկլավների խնդիրը չէ, Ադրբեջանի խնդիրը միայն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չէ, նրա խնդիրն է՝ իր ռազմավարական խնդիրները լուծելու ճանապարհին էֆեկտիվ վերահսկողություն սահմանել Հայաստանի ռազմավարական ու կարևոր օբյեկտների նկատմամբ։ Շատ ուղղություններով ադրբեջանական հարձակումները, օկուպացիան շատ դեպքերում նպատակ ունեն ոչ միայն որևէ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն ու էֆեկտիվ դիտարկում իրականացնել, այլ խնդիրն է վերահսկողություն սահմանել ռազմավարական օբյեկտների նկատմամբ»,- նշեց Աբրահամյանը։

Նա նաև մանրամասնեց՝ ինչու է դա պետք Ադրբեջանին։

«Հնարավոր ռազամական լայնածավալ գործողությունների դեպքում աահովել Ադրբեջանի մեկնարկային առավելությունը, հարաբերական խաղաղության պարագայում Ադրբեջանին կրկին մեկնարկային իրավիճակում մի քանի աստիճանով առավելություններ ապահովել», - ասաց Տիգրան Աբրահամյանը:

  • Կիսվել: