հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանի 6 կետանոց առաջարկների վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չի ստացվել. ԱԳ փոխնախարար

Հայաստանի 6 կետանոց առաջարկների վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չի ստացվել. ԱԳ փոխնախարար

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած 6 կետանոց առաջարկներին ի պատասխան Ադրբեջանից պաշտոնական պատասխան դեռևս չի ստացվել: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Պաշտոնական որևէ պատասխան չենք լսել, մամուլում տարբեր շահարկումներ, արտացոլումներ կային, բայց որևէ պաշտոնական դիրքորոշման մասին ես ինքս տեղյակ չեմ»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով հնարավոր բանակցություններին՝ նա ասաց, որ բանակցությունների նպատակն այն է, որ համադրվեն երկու կողմերի մոտեցումները: Իսկ, թե որքանով դա կհաջողի, կերևա բանակցությունների ընթացքից:  Հնարավոր բանակցությունների կայացման օրվա վերաբերյալ որոշում ևս հայտնի չէ փոխնախարարին:

«Կա կողմերի նախնական պայմանավորվածությունը, սակայն դեռևս ամեն ինչ բանակցային փուլում է, այդ թվում` բանակցությունների սկիզբը, օրը և բոլոր այլ էլեմենտները»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ առաջարկին, որից հետո նոր մեկնարկեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և հարցին, թե արդյոք այդ հարցը քննարկվում է՝ նա ասաց. «Հարցը նույնպես քննարկման փուլում է, գիտեք որ քննարկումները սկսվել են, և այդ առաջարկը սեղանին է: Այդ առաջարկին մեր մի շարք միջազգային գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը: Բանակցությունների ընթացքում կտեսնենք, թե ինչպես կլինի»:

  • Կիսվել: