կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սահմանների բացման հույս ունենք. Օ'Բրայեն

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սահմանների բացման հույս ունենք. Օ'Բրայեն

Վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը հստակ է. նա ցանկանում է Հայաստանին Անդրանտլանտյան հնարավորություն տալ։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը։

Շարունակելով խոսքը՝ նա հավելել է, որ որ Փաշինյանը ՛՛դիվերսիֆիկացնում է հարաբերությունները, որոնցից Հայաստանը կախված է, որպեսզի Հայաստանի ժողովուրդը կարողանա ընտրել իր ապագան, որը համապատասխանում է ազատության իր տեսլականին՛՛։ 

՛՛Տպավորություն է, որ նա իսկապես խաղաղության հասնելու կամք ունի։ Հարցն այն է, արդյո՞ք նախագահ Ալիեւն էլ է նույն բանը ցանկանում։ Ալիեւն ասել է՝ այո։ Մենք այս հարցով շատ ենք խոսում Թուրքիայի հետ, որը շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Եվ մենք փորձում ենք հարթել խաղաղության ճանապարհը՝ մատնացույց անելով այդ ճանապարհի բոլոր օգուտները եւ հապաղելու գինը։ Այժմ ամեն ինչ կախված է Ալիեւից, արդյոք նա այո կասի, թե՝ ոչ, ամեն ինչ կորոշվի առաջիկա շաբաթներին՛՛,–նշել է Օ Բրայենը։

Ներկայացուցիչների պալատի անդամ Տիտուսը խնդրել է մանրամասնել, թե կոնկրետ ինչ բովանդակությամբ շփումներ են ունենում Թուրքիայի հետ այս հարցով, եւ ինչ դեր կարող է խաղալ Թուրքիան՝ հա՛շվի առնելով Հայաստանի հետ պատմականորեն բարդ հարաբերությունները։ Կոնգրեսականը նաեւ հարցրել է, թե արդյոք պետքարտուղարությունը մոնտիորինգ է անում, թե որքանով են Թուրքիային վաճառվող ամերիկյան զենքերն օգտագործվում Հայաստանի դեմ՝ օգնելով Ադրբեջանին։ Ի պատասխան Օ՝Բրայենը վստահեցրել է, որ իրենք ուշադիր հետեւել են եւ չեն նկատել դեպի Ադրբեջան զենքի ապօրինի փոխադրման որեւէ հաղորդում։

՛՛Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սահմանների բացման հույս ունենք։ Քանի որ Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է, հետեւաբար Արեւմուտք հասնելու համար նա պետք է գնա Վրաստանով կամ Թուրքիայով։ Եվ կարծում եմ՝ Հայաստանի ապագայի համար վճռորոշ է լինելու Թուրքիայի կողմից իր երթուղիները բացելը։ Եվ մենք շատ ժամանակ ենք ծախսում այդ ամենը քննարկելու համար։

Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններին, այստեղ մի քանի կարեւոր կետ կա։ Կենտրոնական Ասիայից եկող ճանապարհը, որը պետք է անցնի Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով՝ հասնելու է Թուրքիա, ինչը Թուրքիայի տնտեսական շահերից է բխում, որ ինքը լինի այս ճանապարհի վերջնակետը։ Սա մի տարր է, որը նախկինում խաղաղության բանակցությունների սեղանին դրված չի եղել, եւ մենք դրան մեծ ուշադրություն ենք դարձնում։

Առաջնորդի համար ամենադժվար որոշումներից մեկն այն է, որ ինքը գիտակցի՝ եկել է գործարքը կնքելու ժամանակը, ինչն ավելի ճիշտ է անել հիմա, քան սպասել, որ գործարքն ավելի լավը կդառնա իր համար։ Այս որոշումը, իհարկե, օբյեկտիվ հաշվարկների արդյունքում է կայացվում, բայց շատ հաճախ դա կախված է քո բարեկամներից, որոնք կասեն՝ վերջ, բավական է։ Այդ պատճառով է, որ մենք այդ հարցով շփվում ենք Թուրքիայի հետ, եւ Անկարայի կառուցողական մասնակցությունը այս քննարկումներին չափազանց օգտակար է, քանի որ Ալիեւը հաստատ կցանկանար իմանալ, որ միայնակ չի կայացնում այս որոշումը, եւ որ իրեն աջակցում է իր երկարամյա գործընկերը։ Ահա, թե որն է այս բանակցություններում Թուրքիայի եզակի դերը՛՛,-ասել է Օ՝Բրայենը։

  • Կիսվել: